Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԼԻՄՊԻԱԴԱ.ՀԱՂԹԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՉԵՆ ՓՈԽՈՒՄ

Սպորտ

Շախմատի 38-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականը այսօր 5-րդ անգամ անընդմեջ հանդես կգա նույն կազմով: Թիմային պայքարում հաղթական կազմը հազվադեպ են փոփոխությունների ենթարկում, ուստի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը Ֆրանսիայի հետ մրցավեճում վստահել է նույն շախմատիստներին:

8-րդ տուրի այս մրցավեճում առաջին խաղատախտակի վրա Լեւոն Արոնյանի(2757) մրցակիցը կլինի Էթիեն Բաքրոն (2705), որը ընթացիկ օլիմպիադայում անցկացրած 6 հանդիպումներում 4.5 միավոր է վաստակել:

2-րդ խաղատախտակի վրա Վլադիմիր Հակոբյանի (2679) մրցակիցը կլինի Մաքսիմ Վաչիե-Լագրավը (2716), որը ամենաբարձր վարկանիշը ունի ֆրանսիացիների կազմում: 3-րդ խաղատախտակի արդյունավետ խաղ ցուցադրող Գաբրիել Սարգսյանի (2642) մրցակից կլինի Լաուրեն Ֆերզինը (2676), իսկ 4-րդի վրա Տիգրան Պետրոսյանը (2629) կհանդիպի Եվրոպայի չեմպիոն Վլադիսլավ Տկաչեւին (2664): Հայաստանի հավաքականը իր վարկանիշով 9-րդն է մրցաշարում, իսկ Ֆրանսիան 8-րդը եւ 12 միավորով ընթանում է 4-րդ հորիզոնականում : Այս խաղում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայ շախմատիստներին, որոնց հաղթանակի համար սահմանվել է 2.40 գործակից: Ոչ-ոքիի վրա խաղադրույք է ընդունվում 2.70 գործակցով, իսկ Ֆրանսիայի հաղթանակի համար սահմանվել է 3.00 գործակից:

Կանանց Հայաստանի հավաքականը այսօր կհանդիպի Ադրբեջանի հետ, որն իր վարկանիշով 28-րդն է մրցաշարում: Առաջին խախատախտակի վրա Էլինա Դանիելյանի (2513) մրցակիցը կլինի Զեյնաբ Մամեդյարովան (2351): Լիլիթ Մկրտչյանի (2325) 2-րդում կհանդիպի կհանդիպի Տուրկան Մամեդյարովային (2269), 3-րդում Նելլի Աղինյանը (2305)` Նարգիզ Ումուդովային (2219), 4-րդում Լիլիթ Գալոյանը (2290)` Նարմին Քազիմովային (2171):