«ԳԱԲՐԻԵԼԸ ՓԱՅԼՈՒՆ ՊԱՐՏԻԱ ԱՆՑԿԱՑՐԵՑ»
Աջակցիր «Ա1+»-ին«Բավական լարված մրցամարտ ստացվեց, քանի որ հետաքրքրությունը մեծ էր բոլոր պարտիաների նկատմամբ: Չնայած մի պահ թվաց, թե առավելությունը Ռուսաստանի կողմն է, սակայն մեր թիմին հաջողվեց հաղթել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկա» շախմատային ակումբի տնօրեն Աշոտ Վարդապետյանը:
Համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի նկատմամբ եւ դարձավ բացահայտ առաջատար: Աշոտ Վարդապետյանը ընդգծեց, որ մեր հավաքականի շատ ծանր պայքարում տրվեց հաղթանակը. «Առաջին խաղատախտակի վրա Կրամնիկը նորություն էր կիրառել Արոնյանի հետ պարտիայում: 2-րդում` ծանր դիրքում էր Վլադիմիր Հակոբյանը, որը ստիպված էր պաշտպանվել: 4-րդում` Տիգրան Պետրոսյանը` 1, ապա 2 զինվորով զիջում էր: Բայց հանդիպումների հետագա ընթացքը ցույց տվեց, որ մեր շախմատիստները վերահսկում են իրավիճակը»:
Մասնավորապես, ըստ Վարդապետյանի, Արոնյանը հակախաղ գտավ Կրամնիկի հետ մրցամարտում.
«Փաստորեն Կրամնիկի կիրառած նորությունը չարդարացրեց իրեն: Վլադիմիր Հակոբյանը 2-րդ խաղատախտակի վրա նույնիսկ առավելություն ստացավ: Իսկ Գաբրիել Սարգսյանը ողջ պարտիան հոյակապ անցկացրեց եւ 3-րդ խաղատախտակի վրա որոշիչ հաղթանակ տարավ»:
Օլիմպիադայի գործող չեմպիոն Հայաստանը 13 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն Աշոտ Վարդապետյանը գտնում է, որ դեռ պայքարը առջեւում է. «Մենք այս պահին ունենք առավելություն, հաղթել ենք ուժեղ մրցակիցների, բայց առջեւում 4-րդ տուր կա, որոնցում անհրաժեշտ է պահպանել այդ առավելությունը: Օրինակ, այսօր մեր մրցակիցը բավական ուժեղ կազմ ունեցող Ֆրանսիայի հավաքականն է: Այս թիմի կազմում հանդես են գալիս բավական տաղանդավոր գրոսմայստերներ»: