«ՓՅՈՒՆԻԿԸ» ՈՒԺԵՂԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Աջակցիր «Ա1+»-ին«Փյունիկը» դարձավ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն, բայց դա չի նշանակում թե թիմը հաջորդ տարի չի ուժեղացնելու իր կազմը: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը:
«Եթե միջին կարգի որեւէ հարձակվող ունենայինք թիմում, ապա ավելի շատ գոլեր խփեցինք անցնող մրցաշրջանում: Հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու համար թիմը անպայման ուժեղացնելու իր կազմը»,- ասաց Հարությունյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը եւս ներկա էր ասուլիսին եւ համաձայնեց նախագահի հետ, որ թիմը ուժեղացման կարիք է զգում. «Թիմը ուժեղացնելու ենք ըստ դիրքերի: Օրինակ` աջ կիսապաշտպանի կարիք մենք չենք զգում: Ես գտնում եմ, որ ավելի լավ է այդ դիրքում հանդես գան Նորայր Սահակյանը եւ Էդգար Մալաքյանը, քան թե մենք արտասահամանից լեգեոներներ հրավիրենք»: Հրավիրելու դեպքում էլ, ըստ Մինասյանի, պետք է հրավիրել բարձրակարգ խաղացողների. «Եթե Մարկոսի կարգի խաղացողներ լինեն, կընդգրկենք թիմում: Մարկոսը, իրոք, բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ շատ մեծ ուժ «Արարատի» համար»: Խոսելով ողջ մրցաշրջանի մասին` Վարդան Մինասյանը ասաց, որ օբյեկտիվ պատճառներով Հայաստանի ավարտված առաջնությունում որակական լուրջ առաջընթաց լինել չէր կարող.
«Լարվածություն կար, ինչի մասին բազմիցս խոսել եմ: Դա շատ լավ էր: Իսկ եթե համեմատենք նախորդ առաջնությունները 2008թ. առաջնության հետ, ապա որակական շոշափելի առաջընթաց չի եղել եւ դա բնական է, քանի որ մեծ թվով բարձրակարգ խաղացողներ են գնացել արտասահման եւ նրանց փոխարինել են երիտասարդները: Նման իրավիճակում միանգամից առաջընթաց լինել չի կարող: Պետք է ընդգծեմ նաեւ, որ ետընթաց էլ չի եղել»:
Վարդան Մինասյանը, որը նաեւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական է, ընդգծեց այն ֆուտբոլիստներին, որոնք ըստ նրա արժանի են 2008թ. լավագույն խաղացողի կոչմանը. «Լավ մրցաշրջան անցկացրած ֆուտբոլիստներ կան, որոնցից կարող եմ առանձնացնել մի քանիսին: Առաջին հերթին Սարգիս Հովսեփյանին, որը 36 տարեկան է, բայց նախկինի պես լավ խաղ է ցուցադրում: Լավ մրցաշրջան անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը: «Արարատից» լավ հանդես եկան Վահագն Մինասյանը եւ Մարկոսը, ինչպես նաեւ Արթուր Մինասյանը, որը սակայն վնասվածք ստացավ մրցաշրջանի միջնամասում եւ չկարողացավ այլեւս դուրս գալ խաղադաշտ»:
Ի դեպ, «Փյունիկի» առանցքային ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վերջին 2 շաբաթներին Ֆրանսիայում Է, որտեղ փորձաշրջան է անցնում բոլորի համար անհայտ թիմում: Թե որտեղ է Հենրիխը, տեղյակ չէին նաեւ «Փյունիկի» նախագահը եւ մարզիչը: Նրանք միայն հայտնեցին, որ ֆուտբոլիստը վաղը ժամանալու է Երեւան: