Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ

Սպորտ

Մինչ «Հանրապետական» մարզադաշտում որոշում էր Հայաստանի չեմպիոնը, Ֆուտբոլի 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները ստուգողական հանդիպումներ էին անցկացնում: 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպում չանցկացրեց, իսկ ահա նրա մրցակիցներին Իսպանիան, Բելգիան, Բոսնիան եւ Թուրքիան ՖԻՖԱ-ի կողմից ընկերական հանդիպումների համար նախատեսված օրացույցային օրը օգտագործեցին:

Իսպանիայի ընտրանին 3:0 հաշվով առավելության հասավ Չիլիի նկատմամբ: Իսպանացիները հանդես եկան մարտական կազմով եւ Վիսենտե Դել Բոսկեի գլխավորությամբ 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Մեկական անգամ աչքի ընկան Դավիթ Վիլյան, Ֆեռնանդո Տորեսը եւ Սանտի Կասորլան:

Թուրքերը եւս հաղթանակ տոնեցին, սակայն արտագնա մրցավեճում: Թուրքիայի հավաքականին հյուրընկալել էր «Եվրո-2008»-ի կազմակերպիչներից մեկը` Ավստրիան: Հյուրերը առավելության հասան 4:2 հաշվով: Թուրքիայի կազմում 3 գոլի հեղինակ դարձավ Տունկայ Սանլին:

Անակնկալ մատուցեց Բելգիայի հավաքականը, որը հյուրընկալվելիս չկարողացավ առավելության հասնել Լյուքսեմբուրգի նկատմամբ: Գրանցվեց ոչ-ոքի` 1:1

Բոսնիայի հավաքականը, որին Հայաստանը զիջել էր 1:4 հաշվով, հյուրընկալվելիս 4:3 հաշվով առավելության հասավ Սլովենիայի նկատմամբ: Բոսնիացիների կազմում 2 անգամ աչքի ընկավ Իբիշեւիչը, մեկական անգամ Ձեկոն եւ Միսիմովիչը: Կայացել են մի շարք այլ ընկերական հանդիպումներ: Վրաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է Ռումինիային: Ադրբեջանը Բաքվում 1:1 հաշվով է ավարտել Ալբանիայի հետ մրցավեճը:

Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Անգլիային, որը Ֆաբիո Կապելոյի գլխավորությամբ շարունակում է իր հաղթարշավը: Բրազիլիայի հավաքականը 6:2 հաշվով ջախջախել է Պորտուգալիային: Բրազիլացիների կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Լուիս Ֆաբիանոն: