Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐԱՐԱՏ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ Է

Սպորտ

Երեւանի «Արարատ» ակումբը արդեն բողոքարկել է «Փյունիկի» հետ երեկ կայացած հանդիպման մրցավարությունը: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Արարատի» մարզիչ Գեւորգ Քամալյանը. «Մենք արդեն բողոք ենք ներկայացնում ՀՖՖ-ին»:

Խոսելով հանդիպման մասին` Քամալյանը ասաց. «Մեկնաբանելու ոչինչ չկա: Բոլորի աչքի առջեւ է տեղի ունեցել, մարդիկ ամեն ինչ իրենց աչքերով են տեսել»:

Քամալյանը հայտնեց նաեւ, որ «Արարատի» շվեյցարահայ հովանավորները բողոքարկման գործընթաց են սկսել նաեւ Եվրոպայում: Մասնավորապես, «Արարատը» դիմելու է ՈւԵՖԱ` «Փյունիկին» տեխնիկական պարտություն գրանցվելու համար, քանի որ ըստ ակումբի` մրցակցի 2 ֆուտբոլիստներ իրավունք չունեին մասնակցել ոսկե հանդիպմանը:

Խոսքը Էդգար Մալաքյանի եւ Գեւորգ Ղազարյանի մասին է, որոնք, Հայաստանի առաջնության վերջին 28-րդ տուրում ստանալով 3-րդ զգուշացումները, պետք է բաց թողեցին հաջորդ խաղը:

Սակայն ոսկե հանդիպումից 2 օր առաջ ՀՖՖ-ն հայտարարել էր. «Որոշվել է` վերը նշված թիմերին խաղային հավասար պայմաններ ապահովելու համար, նախորդ խաղում զգուշացում ստացած ֆուտբոլիստների որակազրկումը համարել չեղյալ»: «Արարատում» որակազրկված էր միայն Հրայր Մկոյանը, որին թեեւ ՀՖՖ-ն իրավունք էր տվել դուրս գալ խաղադաշտ, սակայն «Արարատը» նրան չէր հայտավորել հանդիպմանը, իսկ ահա «Փյունիկի» խաղացողները թիմի մեկնարկային կազմում էին: «Կանոնակարգում նման կետ չկա, որ խաղացողների որակազրկումը հենց այդպես հանեն», - նշեց Գեւորգ Քամալյանը:

Ի դեպ, չի բացառվում, որ «Արարատը» վերջին շրջանում թիմի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների առիթով ՀՖՖ-ի դեմ հայց ներկայացնի Լոզանի սպորտային արբրիտաժային դատարան: