ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՊԱԳԱՆ ԿՈՐՈՇՎԻ ԶԱԳՐԵԲՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ երիտասարդ ձյուդոիստները Զագրեբում կմասնակցեն նոյեմբերի 21-ին մեկնարկող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Հայաստանի հավաքականը Խորվաթիա մեկնեց այսօր:
Ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում հանդես կգան 5 ձյուդոյիստներ:
Կանանց պայքարում հանդես կգա Անուշ Հակոբյանը, որը այս անգալ ելույթ կունենա 57 կգ քաշայինների պայքարում: Նախկինում Անուշը հանդես էր գալիս 52կգ քաշային կարգում:
Տղաների պայքարում ասպարեզ դուրս կգան 60կգ Արթուր Սրապյանը, 66կգ Համբարձում Տոնոյանը, 73կգ Ռոբերտ Վարդանյանը, 90կգ Հակոբ Առաքելյանը: Հայ մարզիկները Զագրեբում հանդես կգան մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ: Խորվաթիա է մեկնել նաեւ Ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, որը նաեւ միջազգային կարգի մրցավար է եւ կվարի առաջիկա մրցաշարի հանդիպումները:
Մրցաշարը կանցկացվի միջազգային ֆեդերացիայի կողմից ընդունված նոր մրցակարգով, որը կիրառվեց Բանգկոկում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում: Համաձայն նոր կանոնակարգի` բրոնզե մեդալների համար կարող են պայքարել միայն այն ձյուդոիստները, որոնք հասել են նվազագույնը մինչեւ քառորդ եզրափակիչ: