ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԿԻՆ «ՓՅՈՒՆԻԿ»-Ն Է
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի չեմպիոնի կոչումը 8-րդ տարին անընդմեջ նվաճեց Երեւանի «Փյունիկը», որը ոսկե խաղում 2:1 հաշվով առավելության հասավ «Արարատի» նկատմամբ: Վերջինիս ներկայացուցիչների կարծիքով «Փյունիկը» անարդարացիորեն է հաղթել:
Հանդիպումը անցավ խիստ լարված մթնոլորտում: Առաջին կեսում առավելությունը ամբողջովին «Փյունիկի» կողն էր, իսկ «Արարատի» խաղը ակնհայտորեն չէր ստացվում: Առաջին կեսում դարպասները մնացին անառիկ, սակայն «Արարատը» լուրջ կորուստ ունեցավ. վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց թիմի առանցքային ֆուտբոլիստ եւ ավագ Ռենատոն: 2-րդ կեսում «Արարատը» արդեն լրիվ այլ ֆուտբոլ ցուցադրեց, սակայն առաջինը գնդակ ընդունեց սեփական դարպասը:
«Փյունիկի» կազմում գլխի գեղեցիկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ալբերտ Թադեւոսյանը: Ընդամենը 1 րոպե անց Վահագն Մինասյանը դարձյալ գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: 80-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանը 11 մետրանոց նշանակեց «Արարատի» դարպասին:
Մրցավարի որոշման հետ համամիտ չէին «Արարատի» ֆուտբոլիստները, որոնք ամեն կերպ մրցավարին փորձում էին համոզել, որ 11 մետրանոց չկար: Ինչեւէ, գնդակին մոտեցավ Սարգիս Հովսեփյանը, բայց նրա հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից: Դրանով «Արարատի» տհաճությունները չավարտվեցին, քանի որ անմիջապես կարմիր քարտի արժանացավ Արտակ Գրիգորյանը, որը թերեւս ինչ-որ արտահայտություն էր կատարել:
Համենայնդեպս մրցավարը նրան հեռացրեց ոչ մարզական պահվածքի համար: «Արարատը» մնաց 10 հոգով եւ ստիպված էր մեծ ուժերով նահանջել: Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով: Նշանակվեց լրացուցիչ 30 րոպե, որոնք անցան քանակական առավելություն ստացած «Փյունիկի» առավելությամբ:
Թվում էր լրացուցիչ ժամանակը եւս կավարտվի ոչ-ոքի, սակայն 118-րդ րոպեին Ալբերտ Թադեւոսյանը կրկին գլխի հարվածով առաջ մղեց «Փյունիկին»: Քիչ անց Թադեւոսյանը, եւ «Արարատի» բրազիլացի լեգեոներ Ժուլիանոն կարմիր քարտի արժանացան, դարձյալ ոչ մարզական պահվածքի համար: «Փյունիկը» պահպանեց առավելությունը եւ հաղթեց:
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Գեւորգ Քամալյանը չներկայացավ: «Արարատի» մամուլի քարտուղարը հայտարարեց, որ այս քայլով «Արարատ» ակումբը պաշտոնապես իր վրդովմունքն է արտահայտում:
«Նման մրցավարության պայմաններում «Արարատը» չէր կարող հաղթել: 15 տարի է ֆուտբոլ եմ նայում նման կողմնակալ մրցավարություն չեմ տեսել: Ամեն ինչ արեցին «Փյունիկին» չեմպիոն սարքելու համար», - հանդիպումից հետո նշեց 28-ամյա Մարգար Կարապետյանը, եւ ավելացրեց. «Ես «Փյունիկի» դեմ ոչինչ չունեմ:
Ինձ համար մեկ էր, թե ով կհաղթի այս խաղում: Ես եկել էի պարզապես ֆուտբոլ դիտելու, բայց երբ ամբողջ ազգի աչքի առաջ նման անարդարություն է տեղի ունենում, սիրտս չի կարող չցավել»: 47-ամյա Հրաչյա Ավետիսյանն էլ նշեց, որ այլեւս չի պատրաստվում ֆուտբոլ դիտել մարզադաշտում. «Ես վիրավորված եմ: Մրցավարի անարդար գործողություններից զայրույթս չէի կարող զսպել: Գլխիս վրա արդեն սպիտակ մազերը ավելի շատ են, բայց տարիքս առած գոռում է, որ չի կարելի այդպես ճնշել «Արարատին»: Սենց ե՞նք ֆուտբոլ զարգացնում, ինչ է տալու «Փյունիկի» ջահելներին ես հաղթանակը: Սա մեր երկրում տեղի ունեցող անարդարությունների իրական պատկերն է: Ամեն ինչ պղծել էին հիմա էլ անցան ֆուտբոլին»: