Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅՀՈՅԵԼԸ ԹԱՆԿ ՆՍՏԵՑ «ԱՐԱՐԱՏԻ» ՎՐԱ

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն խիստ պատժամիջոցներ է կիրառել «Արարատի» մարզչական շտաբի անդամների նկատմամբ` առաջնության 27-րդ տուրում «Գանձասարի» հետ հայտնի մրցավեճում տեղի ունեցածի համար:

Արդեն հայտնել էինք, որ գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյան միանգամից 4 կարմիր քարտ էր ցույց տվել այս խաղում, որից 3-ը մարզչական շտաբի ներկայացուցիչներին: Ճաղարյանը հանդիպումից հետո նշել էր, որ մարզիչներին հեռացրել է, քանի որ նրանց ոչ մարզական պահված են ցուցաբերել: Կարգապահական կոմիտեն, քննարկելով կատարվածը, որոշել է «Արարատ» ակումբին տուգանել 500 հազար դրամով:

Մասնավորապես «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը տուգանվել է 150 հազար դրամով եւ որակազրկվել 5 խաղով մրցավարներին հայհոյելու համար: Նույնպիսի պատժի է արժանացել նաեւ «Արարատի» բժիշկ Վ. Հովհաննիսյանը, որը դարձյալ պատժվել է մրցավարներին հայհոյելու համար: Վարուժան Սուքիասյանի օգնականներ Գագիկ Թամրազովը եւ Տիգրան Ասլանյանը մրցավարներին չեն հայհոյել, այլ պարզապես միջամտել են նրա գործողություններին, ինչի համար 150 հազարի փոխարեն 100 հազար դրամով են տուգանվել: Ամեն դեպքում օգնականները եւս որակազրկվել են 5 խաղով: Վերը նշված 4 անձինք վաղը չեն կարողանա մասնակցել «Արարատի» հետ «Փյունիկի» դեմ կայանալիք առաջնության վճռորոշ հանդիպմանը:

Ի դեպ, կարգապահական կոմիտեն մեղմացրել է «Ուլիս» ակումբի առանցքային ֆուտբոլիստ Արտաշես Բաղդասարյանի որակազրկումը: «Բանանցի» հետ 25-րդ տուրի մրցավեճում Բաղդասարյանը կարմիր քարտ էր ստացել եւ որակազրկվել 4 խաղով: Սակայն, հաշվի առնելով, որ Բաղդասարյանը գտնվում է ազգային հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ այն, որ նա հեռացման համար տույժի է ենթարկվել, Արտաշեսի որակազրկման խաղերի քանակն հասցվել է 2-ի: Այսպիսով` Բաղդասարյանը վաղը «Ուլիսի» կազմում իրավունք կունենա մասնակցել «Գանձասարի» հետ հանդիպմանը: