Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՅՏ ԽՆԴԻՐՆԵՐ

Սպորտ

Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Արմեն Գրիգորյանի մոտ շարունակվում են 2008թ. օլիմպիական խաղերում հայ մարզիկների ելույթների վերաբերյալ քննարկումները: Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության բաժնում հայտնեցին, որ այս անգամ քննարկումը եղել է հրաձիգ Նորայր Բախտամյանի մասնակցության վերաբերյալ Փորձառու հրաձիգից սպասելիքներն օլիմպիադայում մեծ էին: Նորայրը մրցանակակիր է դարձել բազմաթիվ միջազգային մրցաշարերում: Վերջերս էլ Բանգոկում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Բախտամյանը արծաթե մեդալի արժանացավ:

Սակայն Պեկինում տեղի ունեցած ամառային օլիպիական խաղերում նա չկարողացավ հաղթահարել նույնիսկ որակավորման փուլի արգելքը: Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը եւ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը քննարկման ժամանակ նշել են որ նախքան խաղերի մեկնարկը սպորտի նախարարությունը եւ օլիմպիական կոմիտեն ստեղծել են բոլոր անհրաժեշտ պայմանները օլիմպիական խաղերին լավագույնս հանդես գալու համար:

Բայց, թե ինչու է Բախտամյանը ձախողվել, հավաքականի մարզիչը չի կարողացել հստակ պատասխան տալ: Նշվում է, որ ինչ-ինչ պատճառներով Բախտամյանը չի կարողացել հոգեբանորեն պատրաստվել օլիմպիական խաղերին: Սպորտի նախարարությունը Նորայր Բախտամյանի մասնակցությունը գնահատել է անբավարար, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանին հայտարարել խիստ նկատողություն:

Չնայած խիստ գնահատականին` մարզիչը վերահաստատվել է իր պաշտոնում եւս մեկ տարով: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Նորայր Բախտամյանը շուրջ 10 տարի մարզվել է Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ եւ միջազգային ասպարեզում հասել է լուրջ հաջողությունների: