Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ 3-ՐԴ ՈՍԿԻՆ

Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում 3-րդ անգամ իր պատմության մեջ չեմպիոնի կոչումը նվաճեց «Պոլիտեխնիկը»: Գարիկ Առաքելյանի սաները 2008թ. առաջնության եզրափակիչում առավելության հասան «Արաբկիր-ՖԻՄԱ»-ի նկատմամբ:

Կանոնադրության համաձայն եզրափակիչում հաջողության է հասնում առաջինը 2 հաղթանակ տոնած թիմը: Եզրափակիչի առաջին խաղում «Պոլիտեխնիկը» առավելության էր հասել 97:58 հաշվով, իսկ պատասխան խաղում «ճարտարագետները» հաղթեցին 88:59 հաշվով:

«Տարին յուրահատուկ էր մեզ համար, քանի որ ճարտարագիտական համալսարանը տոնում էր իր 75-ամյակը, իսկ նրա մարզական ակումբը` 50-ամյակը: Այդ իսկ պատճառով նպատակ էինք դրել անպայման հաղթել հոբելյանական այս տարում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Պոլիտեխնիկի» գլխավոր մարզիչ Գարիկ Առաքելյանը:

Մարզիչը ընդգծեց, որ եզրափակիչ հանդիպումներից ծանր ընթացք ունեցավ 2-րդ մրցավեճը. «2-րդ խաղում հանդես էինք գալիս մրցակցի հարկի տակ եւ այն ավելի դժվար ընթացք ունեցավ մեզ համար: Առաջին խաղակեսից հետո պարտվում էինք 13:15 հաշվով, սակայն աստիճանաբար կարողացանք խաղը վերցնել մեր ձեռքերում ու հաղթել»:

«Պոլիտեխնիկը» ընթացիկ մրցաշրջանում հանդես է եկել կրկին փորձառու կազմով: Թիմի առանցքային խաղացողներից Արմեն Հովհաննիսյանը, որը ժամանակին հանդես է եկել մի շարք արտասահմանյան թիմերում, 216 սմ հասակ ունի: «Թիմը այս տարի կանոնավոր անցկացրել է մարզումներ եւ մեծ ջանքեր թափել չեմպիոնական տիտղոսի հասնելու համար: Մեր հիմնական մրցակիցները այս առաջնությունում եղան «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն եւ «Գյումրին»: Ընդհանուր առմամբ վերելքով անցկացրեցին մրցաշրջանը չկրելով ոչ մի պարտություն», - նշեց Գարիկ Առաքելյանը: