Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐՎԱ ԽԱՂԸ

Սպորտ

Վաղը` նոյեմբերի 15-ին, ավարտվում է ֆուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնությունը: Վերջին 28-րդ տուրից առաջ չեմպիոնի անունը հայտնի չէ:

«ՓՅՈՒՆԻԿ»-«ԱՐԱՐԱՏ»` 14:00

Երեւան.«Փյունիկ» մարզադաշտ

Չեմպիոնական արժեք ունեցող այս հանդիպումը կարելի է անվանել «տարվա խաղ»: Վերջին տարիներին Հայաստանի առաջնությունում նման կարեւոր մրցավեճը չի եղել: Պատահական չէ, որ հանդիպման մուտքը տոմսերով է:

Դեռ ավելին, տոմսերը արժեն 10 հազար դրամ եւ նախնական հայտերի շնորհիվ արդեն սպառվել են, քանի որ «Փյունիկ» մարզադաշտը ընդամենը 700 նստատեղ ունի:

Նախորդ 7 տարիներին անփոփոխ չեմպիոն «Փյունիկին» այս խաղում բավարարում է նաեւ ոչ-ոքին, իսկ «Արարատը» միայն հաղթանակի դեպքում կհավասարվի 59 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող մրցակցին: Կողմերը հանդես կգան մարտական կազմերով: «Արարատի» կազմում բացակայում է միայն որակազրկված Միխեիլ Սիմոնյանը:

«Փյունիկում» կազմի հետ կապված որեւէ խնդիր չկա:

«Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները այս խաղում կկատարի Գեւորգ Քամալյանը, քանի որ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը որակազրկված է: Ընթացիկ մրցաշրջանում «Փյունիկի» եւ «Արարատի» հանդիպումները անցել են բավական հետաքրքիր պայքարում: Գավաթի խաղարկության 2 հանդիպումներում «Արարատը» մրցակցին հաղթել է ընդհանուր 5:1 հաշվով, իսկ առաջնության 3 հանդիպումներից 2-ում հաղթել է «Փյունիկը»: Եւս մեկ մրցավեճում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել:

«ՄԻԿԱ»-«ԲԱՆԱՆՑ»` 14:00

Երեւան, «Միկա» մարզադաշտ

Այս հանդիպան արժեքը մեծ է տանտերերի համար: «Միկան» պայքարում է բրոնզե մեդալների համար: Ներկայումս 4-րդ տեղում ընթացող Սուրեն Բարսեղյանի սաները հաղթանակի դեպքում հնարավորություն կունենան զբաղեցնել 3-րդ հորիզոնականը, սակայն անհրաժեշտ է նաեւ, որ զուգահեռաբար ընթացող խաղում «Գանձասարը» միավորներ կորցնի «Ուլիսի» հետ մրցավեճում:

«ԳԱՆՁԱՍԱՐ»-«ՈւԼԻՍ»` 14:00

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Կապանցիները այս խաղում հաղթանակի դեպքում առաջին անգամ իրենց պատմության մեջ կդառնան Հայաստանի առաջնության մրցանակակիր` գրավելով 3-րդ հորիզոնական: Սեփական հարկի տակ ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 հանդիպումներից 8-ում «Գանձասարը» հաղթել է, իսկ «Ուլիսը» հյուրընկալվելիս ընդամենը մեկ անգամ է հաջողության հասել:

«ԿԻԼԻԿԻԱ»-«ՇԻՐԱԿ»` 14:00

Երեւան, «Հրազդան» մարզադաշտ

Ոչինչ որոշող այս մրցավեճում կողմերը պարզապես կփորձեն հաղթանակով ավարտել մրցաշարը: «Կիլիկիան» ընթացիկ մրցաշրջանում 2 անգամ հաղթել է «Շիրակին»: Վերջինս 1 անգամ է հաջողության հասել «Կիլիկիայի» նկատմամբ: