ԿՐԿԻՆ ՃԱՂԱՐՅԱՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության վերջին տուրի «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը կվարի Հայաստանի 2007թ. լավագույն մրցավար Արարատ Ճաղարյանը: Այսօր նման որոշում կայացվել է ՀՖՖ-ում:
Ճաղարյանը «Արարատի» մասնակցությամբ նախորդ խաղում 4 կարմիր քարտ էր ցույց տվել «Արարատի» ներկայացուցիչներին, որոնցից 3-ը մարզչական շտաբի անդամներին:
Նոյեմբերի 15-ին Երեւանի «Փյունիկ» մարզադաշտում կայանալիք «Փյունիկ»-«Արարատ» հանդիպումը չեմպիոնական արժեք ունի: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում «Փյունիկը» 8-րդ տարին անընդմեջ կդառնա Հայաստանի չեմպիոն, իսկ «Արարատը» հաղթանակի դեպքում կհավասարվի առաջատարին: Այդ դեպքում կնշանակվի լրացուցիչ հանդիպում:
«Արարատը» առաջիկա մրցավեճին հանդես կգա առանց գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի, որը նախորդ տուրում ստացած կարմիր քարտի պատճառով որակազրկվել է: Որակազրկված են նաեւ Սուքիասյանի 2 օգնականները, ուստի առաջիկա մրցավեճում «Արարատը» կղեկավարի Գեւորգ Քամալյանը:
Ի դեպ, «Արարատ»-«Գանձասար» (2:0) սկանդալային հանդիպումից հետո «Արարատի» ներկայացուցիչները ցանկություն էին հայտնել, որ «Փյունիկի» հետ վճռորոշ հանդիպումը վարեր արտասահմանցի մասնագետ: Բացի այդ «Արարատը» բողոքարկել էին Վարուժան Սուքիասյանի ստացած կարմիր քարտը: Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը անհասկանալի պատճառներով է հեռացվել խաղադաշտից: Իսկ Ճաղարյանը ի պատասխան մարզչի հայտարարության նշել է, որ կարմիր քարտ ցույց է, քանի որ Սուքիասյանը 4-րդ մրցավարի հետ անհարգալից տոնով է խոսել:
Ինչեւէ, «Փյունիկ»-«Արարատ» մրցավեճը կվարի Արարատ Ճաղարյանը, իսկ նրան կօգնեն Սուրեն Բալիյանը եւ Վանիկ Սիմոնյանը: 4-րդ պաշտոնյան կլինի Վահան Մինասյանը: