Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԵՑ

Սպորտ

Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) կարգապահական կոմիտեն 2 խաղով որակազրկել եւ 50 հազար ռուբլիով տուգանել է Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանին: Արմատներով Գավառից Գոհարյանը շուրջ 2 հազար ԱՄՆ դոլարի տուգանքի է արժանացել «Սպարտակ»-«Լոկոմոտիվ» (1:0) հանդիպումից հետո մրցավարին հայհոյելու համար:

Հովհաննես Գոհարյանը, որը Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց օգոստոսի 20-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած Թուրքիայի հետ մրցավեճին, ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս Մոսկվայի «Լոկոմոտվի» փոխարինողների կազմում: «Սպարտակի» հետ վերը նշված հանդիպումը հենց փոխարինողների մրցաշարի հերթական խաղն էր, որում պարտվելով` «Լոկոմոտիվը» վերջնականապես զրկվեց 1-ին տեղում հայտնվելու հնարավորությունից եւ ներկայումս ընթանում է 2-րդ հորիզոնականում:

Գոհարյանը փոխարինողների մրցաշարում 22 գնդակ է խփել եւ վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հավանական է, որ հայ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո լքի «Լոկոմոտիվը»: Ամռանը Գոհարյանի ծառայություններով հետաքրքրված էին բելառուսական ակումբները, սակայն տեղափոխությունը չկայացավ: Չնայած հայ հարձակվողը փոխարինողների կազմում բավական արդյունավետ խաղ էր ցուցադրում, սակայն «Լոկոմոտիվի» գլխավոր թիմի մարզչական շտաբից Հովհաննեսը այդպես էլ հրավեր չստացավ: