ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ին2008թ. բռնքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի սպասելիքները աստիճանաբար արդարանում են: Առաջնությունը առայժմ չի ավարտվել, սակայն հայ բռնցքամարտիկները արդեն 3 մեդալ են նվաճել եւ կրկնկել Հայաստանի լավագույն արդյունքը Եվրոպայի առաջնություններում:
«Մինչ այս Հայաստանի հավաքականը 3 մեդալի Եվրոպայի առաջնություններում արժանացել էր միայն 1998թ., երբ Արտյոմ Սիմոնյանը դարձավ փոխչեմպիոն, բոլորին քաջ հայտնի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը եւ Դավթաշենի ներկայիս թաղապետ Արթուր Գեւորգյանը նվաճեցին բրոնզե մեդալներ», - «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:
Ներկայումս առնվազն բրոնզե մեդալներ են ապահովել 48կգ Հովհաննես Դանիելյանը, 64կգ. Էդուարդ Համբարձումյանը եւ 91 կգ Ցոլակ Անանիկյանը: Լյովա Հովհաննիսյանը ընդծեց, որ Դանիելյանի եւ Համբարձումյանի արդյունքները կանխատեսելի էին. «Հովհաննես Դանիելյանը 2006թ. եւս արժանացել էր բրոնզե մեդալի եւ այս անգամ նրանից դարձյալ առնվազն բրոնզե մեդալ էինք ակնկալում, այժմ նա հնարավորություն ունի ավելի բարձր տեղում հայտնել: Էդուարդ Համբարձումյանը 2007թ. աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, իրավունք ստացավ հանդես գալ Պեկինի օլիմպիական խաղերում: Իսկ 2004թ. Չինաստանում Էդուարդը դարձել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն»:
Թերեւս անսպասելի էր միայն 91կգ քաշային Ցոլակ Անանիկյանը կիսաեզրափակիչում հայտնվելը. «Ցոլակը շատ անկանխատեսելի մարզիկ է եւ տիրապետում է ուժեղ հարվածների: Նա մեծ փորձ չունի միջազգային ասպարեզում, բայց անակնկալ մատուցեց քառորդ եզրափակիչում` հաղթելով Եվրոպայի 2006թ. չեմպիոն ուկրաինացի Դենիս Պոյացիկային: Ցոլակը այս հաղթանակով չեմպիոնության հայտ ներկայացրեց: Նա երիտասարդ հեռանկարային մարզիկ է եւ հետագայում կարող է ավելի լուրջ հաջողություններ արձանագրել»:
Լյովա Հովհաննիսյանը ընդգծեց նաեւ, որ ծանր քաշային կարգերում Հայաստանը վերջին անգամ մեդալ ունեցել է 2002թ: Ավելորդ չէ նշել, որ հայ բռնցքամարտիկները վերջին անգամ Եվրոպայի առաջնություններում ոսկե մեդալի են արժանացել 1987թ., երբ Հայաստանը դեռ ԽՍՀՄ-ի կազմում էր: Այդ թվականին ոսկե մեդալի էր արժանացել Նշան Մունչյանը, որը հանդես էր գալիս 48 կգ քաշային կարգում: