ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ՉԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՆՔ
Աջակցիր «Ա1+»-ինՄիջազգային բուքմեքերական գրասենյակները համարում են, որ Հայաստանի հավաքականը այսօր Դրեզդենում մեկնարկելիք Համաշխարհային օլիմպիադայում մրցանակային տեղերի ռեալ հավակնորդ է:
2008թ շախմատային օլիմպիադայի գլխավոր ֆավորիտը, ըստ բուքմեյքերների, Ռուսաստանի հավաքականն է` 3.00 գործակցով: Ռուսաստանի հավաքականը մրցաշարում ունի ամենաբարձր վարկանիշը` 2756: Ռուսներին 5.00 գործակցով հաջորդում է Չինաստանի հավաքականը, որը նախորդ օլիմպիադայում արժանացել է արծաթե մեդալների:
Օլիմպիադայի գործող չեմպիոն Հայաստանը 7.00 գործակցով եզրափակում է լավագույն եռյակը: Թեեւ Հայաստանը իր վարկանիշով ընդամենը 9-րդն է օլիմպիադայում, սակայն բուքմեյքերները հավատում են Հայաստանի հավաքականին: 7.50 գործակցով 4-րդ տեղում է Ուկրաինայի հավաքականը, որին 8 գործակցով հաջորդում է Ադրբեջանը: Ահա այս 5 երկրներն էլ համարվում են հաղթողի առավել ռեալ հավակնորդներ, իսկ մյուս հավաքականների համար ավելի բարձր գործակիցներ են սահմանվել: Մասնավորապես Բուլղարիայի հավաքականի հաղթանակի վրա խաղադրույք է ընդունվում 16.00 գործակցով, թեեւ բուլղարացիները վարկանիշով գերազանցում են Հայաստանին:
Օլիմպիադայի հետ կապված նաեւ այս տիպի խաղադրույքներ են ընդունվում: Այն, որ չինացիները օլիմպիադայում ավելի բարձր տեղում կհայտնվեն, քան Հայաստանը, սահմանվել է 1.66 գործակից, իսկ հայ շախմատիստների` ավելի բարձր տեղ գրավելը գնահատվել է 2.10 գործակցով:
Խաղադրույք է ընդունվում նաեւ, որ շախմատիստը ամենաշատ միավոր կվաստակի առաջին խաղատախտակի վրա: Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակին հանդես է գալու Լեւոն Արոնյանը, որի հաղթանակը գնահատվել է անհավանական 21.00 գործակցով: ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես եկող Վարուժան Հակոբյանի համար սահմանվել է 101.0 գործակից:
Ֆավորիտը Վենեսուելան ներկայացնող Իտուրիզագան է 8.00 գործակցով: Այստեղ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Վենեսուելան հանդիպելու է հիմնականում թույլ հավաքականների հետ, ուստի առաջին խախատախտակի վրա, նրա ներկայացուցիչը չի մրցելու բարձրակարգ գրոսմայստերների հետ: