Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐԴԵՆ 3 ՄԵԴԱԼ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ

Սպորտ

Լիվերպուլում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում արդեն հայտնի են կիսաեզրափակիչի մասնակիցները: Հայաստանի ներկայացուցիչները արդեն 3 բրոնզե մեդալ են ապահովել ընթացիկ առաջնությունում, սակայն հնարավորություն ունեն պայքարել նաեւ չեմպիոնության համար:

64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը քառորդ եզրափակիչում մրցեց Գերմանիան ներկայացնող Վյաչեսլավ Կերբերի հետ: Համբարձումյանը ոչ մի հնարավորություն չթողեց մրցակցին` հաղթելով 11:4 հաշվով: Այս հաղթանակը թույլ տվեց Էդուարդին դուրս գալ կիսաեզրափակիչ եւ ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Հաջորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչը կմրցի լեհ Մարցին Լեգովսկիի հետ: Կիսաեզրափակիչի մյուս զույգում կմրցեն հունգարացի Գյուլ Կատեն եւ իռլանդացի Ջո Ջոն Ջոյսը:

75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակիչում հանդիպեց Իռլանդիայի ներկայացուցիչ Էամոն Օ` Կեյնի հետ: Հավասար պայքարում ընթացած մրցամարտում Հակոբյանը զիջեց 4:6 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից:

91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը քառորդ եզրափակիչում մրցեց Եվրոպայի գործող չեմպիոն, Ուկրաինան ներկայացնող Դենիս Պոյտիսկայի հետ: Մասնագետները ֆավորիտ էին համարում Անանիկյանի մրցակցին, սակայն հայ մարզիկը հաղթեց 8:7 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ: Ցոլակը եւս ապահովեց մեդալ: Կիսաեզրափակիչում Ցոլակ Անանիկյանի մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Յոզեֆ Դարմոսը: Կիսաեզրափակիչում կմրցեց նաեւ ռուս Եգոր Մեխոնտցեւը եւ ռումինացի Պետրիսոր Գանանաուն:

Հիշեցնենք, որ մինչ այս 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը եւս դուրս էր եկել կիսաեզրափակիչ եւ ապահովել իր համար նվազագույնը բրոնզե մեդալ: