Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ` ՀԱՂԹՈՂ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը 7 միավորով դարձավ Մակեդոնիայում կայացած միջազգային մրցաշարի հաղթող: Այսօր կայացած վերջին խաղում հայ ֆուտբոլիստուհիները 2:1 հաշվով առավելության հասան Մալթայի նկատմամբ:

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղի ունեցած ընկերական մրցաշարում Հայաստանի մրցակիցներն էին Էստոնիայի, Մակեդոնիայի եւ Մալթայի հավաքականները: Վերջին տուրի խաղում մեր ընտրանին ուժերը չափեց Մալթայի հավաքականի հետ եւ հաղթեց 2:1 հաշվով: Հայաստանը 12-րդ րոպեին առաջինը գնդակն ընդունեց սեփական դարպասը, սակայն 18 րոպե անց կարողացավ վերականգնել հավասարակշռությունը: Աչքի ընկավ Գայանե Կոստանյանը, որի համար սա 3-րդ գոլն էր այս մրցաշարում: Երկրորդ կեսի 9-րդ րոպեին արդյունքի հասավ արդեն Քրիստինե Մանգասարյանը եւ հաղթանակ պարգեւեց Հայաստանի կանանց ազգային ընտրանուն:

Զուգահեռաբար ընթացող Մակեդոնիա - Էստոնիա մրցավեճն ավարտվեց ոչ ոքի` 1:1 հաշվով: Այսպիսով, մեր հավաքականը, վաստակելով 7 միավոր, դարձավ մրցաշարի հաղթող: Մակեդոնիան զբաղեցրեց 2-րդ տեղը (5 միավոր), Էստոնիան` 3-րդ (2 միավոր), իսկ Մալթան մեկ միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը: