Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ

Սպորտ

Հայաստանում գործող մի շարք մարզադպրոցների տնօրենների հետ պայմանագրերը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը երկարացրել է եւս մեկ տարով: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին նախարարության տեղեկատվության եւ հաuարակայնության հետ կապերի բաժնում:

Խոսքը Երեւանի հրաձգության, Հրազդանի մականախաղի եւ շախմատի, Սեւանի ջրային մարզաձեւերի, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցների մասին է: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի մոտ տեղի են ունեցել քննարկումներ` նախարարության ենթակայության տակ գտնվող եւ նախարարության կողմից ֆինանսավորվող մանկապատանեկան այս մարզադպրոցների ղեկավարների մասնակցությամբ:

Երեւանի հրաձգության նորակառույց մարզադպրոցը ղեկավարում է 1992թ. օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը:

Սեւանի ջրային մարզաձեւերի մարզադպրոցը կշարունակի ղեկավարել Աշոտ Ավետիսյանը, իսկ Հրազդանի մականախաղի եւ շախմատի մարզադպրոց` Լյովա Վարդանյանը: Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնն էլ առաջիկա մեկ տարում կզբաղեցնի Մերուժան Աթայանը:

Նախարարաությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ մասնավորապես քննարկվել են 2005-2008թթ. միջազգային եւ ՀՀ առաջնություններում մարզադպրոցների սաների ցույց տված արդյունքները:

Ի դեպ, նախարարությունը իր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների եւ այլ կազմակերպությունների հետ պայմանագիր է կնքում մեկ տարի ժամկետով: