ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ ԴՐԵԶԴԵՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի է ունենում շախմատի Համաշխարհային 38-րդ օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ վաղը մրցաշարի մասնակիցները կանցնացնեն առաջին տուրի հանդիպումները: Հայաստանը օլիմպիադային մասնակցում է որպես գործող չեմպիոն:
Հայաստանի հնարավորությունները
Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին տարիներին բավական հաջող է հանդես եկել օլիմպիադաներում, իսկ 2006թ. դարձել է չեմպիոն: Կանոնավոր բարձր արդյունքներ ցույց տվող հավաքականից սպասելիքները միշտ էլ մեծ են, սակայն ակնհայտ է, որ այս անգամ Հայաստանի համար բարդ է լինելու նույնիսկ լավագույն հնգյակում լինելը: Այն որ մեր հավաքականը իր վարկանիշով 9-րդ տեղում է օլիմպիադայում, արդեն իսկ վկայում է, որ նախորդ 2 տարիներին հայ շախմատիստներն անձնական վարկանիշի նահանջ են ունեցել: Հայաստանի հավաքականը հանդես կգա մի փոքր այլ կազմով:
Առաջին խաղատախտակի վրա ելույթ կունենա Լեւոն Արոնյանը, որը հոկտեմբերին կայացած Եվրոպայի 2008թ. ակումբային առաջնությունում առանձնապես չփայլեց «Միկայի» կազմում, բայց կարողացավ մի շարք տպավորիչ պարտիաներ անցկացնել: Արոնյանն առաջին խաղատախտակի վրա մրցելու է աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների հետ եւ ամենամեծ ծանրաբեռնվածությունը լինելու նրա ուսերին: Լեւոնին հաջորդում է Վլադիմիր Հակոբյանը, որը բավական փորձառու շախմատիստ է: Վերջին շրջանում Հակոբյանը հանդես է եկել հիմնականում հենց թիմային պայքարում` հանդես գալով իսպանական «Լինեքսի» կազմում: 3-րդ խաղատախտակի վրա ելույթ կունենա Գաբրիել Սարգսյանը, որը փայլեց նախորդ օլիմպիադայում:
Մայիսին վաղաժամ կյանքից հեռացած Կարեն Ասրյանին կփոխարինի Տիգրան Լ. Պետրոսյանը, որի համար սա կլինի առաջին նման լուրջ մրցաշարը: Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Արտաշես Մինասյանը, թերեւս միմյանց փոխարինելով, հանդես կգան հիմնականում 4-րդ խաղատախտակի վրա:
Մեր մրցակիցները
Եթե Հայաստանը 9-րդն է օլիմպիադայում, բայց դա չի նշանակում, թե նրանից առաջ գտնվող 8 հավաքականներն էլ մրցանակային տեղերի հավակնորդներ են: Բացահայտ ֆավորիտը Ռուսաստանի հավաքականն է, որի կազմում ընդգրկված են բացառապես 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներ: Ռուսները շուրջ 6 տարի է օլիմպիադայում ոսկի չեն նվաճել եւ Դրեզդեն են ժամանել հաղթանակների «ծարավը» հագեցնելու համար:
Միակ լուրջ խնդիրը Ռուսաստանի հավաքականին առաջին խախատախտակի վրա ելույթ ունեցող Վլադիմիր Կրամնիկն է: Վերջերս աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտում Անանդից կրած պարտությունից հետո Կրամնիկը շատ քիչ ժամանակ է ունեցել հոգեբանորեն վերականգնվելու համար: Թե որքանով է դա հաջողվել աշխարհի նախկին չեմպիոնին, ցույց կտա առաջիկա օլիմպիադան: Ուժեղ են նաեւ ուկրաինացիները: Թեկուզ նրանց կազմում չէ Ռուսլան Պոնոմարյովը, սակայն պատրաստ է խաղընկերներին իր հետեւից տանել չծերացող Վասիլի Իվանչուկը: Վերջինս սկսել է ավելի լավ հանդես գալ, քան 1989թ. երբ առաջին անգամ հաղթեց Լինարեսի սուպեր մրցաշարում:
«Նվեր» չի նաեւ կանոնավոր առաջընթաց ապրող Չինաստանը` 2006թ. օլիմպիադայի փոխչեմպիոնը: Չինացի շախմատիստները վերջին 2 տարիների ընթացքում անձնական վարկանիշներում լուրջ առաջընթաց են ունեցել: Առաջադիմել է նաեւ Ադրբեջանի հավաքականը, որի կազմում հանդես եկող Ռաջաբովը եւ Մամեդյարովը ներկայումս դասվում են աշխարհի ուժեղագույն շախմատիստների թվին:
Կանանց օլիմպիադա
Տղամարդկանց զուգահեռ ընթանալու է նաեւ կանանց օլիմպիադան, որում Հայաստանի հավաքականը 6-րդն է վարկանիշով: Նախորդ օլիմպիադայում հայ շախմատիստուհիները 8-րդն էին, բայց այն ժամանակ կանայք հանդես էին գալիս 3+1 տարբերակով, իսկ Դրեզդենում մրցաշարը կանցկացվի 4+1 տարբերակով: Այսինքն` հիմնական կազմում պետք է ունենալ 4 շախմատիստուհի: Գաղտնիք չէ, որ Հայաստանը մեծ թվով բարձրակարգ շախմատիստուհիներ չունի եւ հավասար պայքար մերոնք կարողանում են մղել միայն առաջին 2-3 խաղատախտակների վրա: Հայաստանի վերջնական ելույթի վրա մեծ ազդեցություն կարող է ունենալ հենց 3-4 խախատախնակների վրա ելույթ ունեցողների արդյունքները:
Իսկ ֆավորիտները այստեղ եւս Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Չինաստանի հավաքականներն են:
Հ.Գ. Նոյեմբերի 13-ից «Ա1+»-ը պարբերաբար կանդրադառնա 38-րդ համաշխարհային օլիմպիադային` ներկայացնելով նաեւ մասնագետների կարծիքները: