Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՆԶԱՆԻԱՆ ԷԼ ՄԵԶԱՆԻՑ ԱՆՑԱՎ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօր ՖԻՖԱ-ի կողմից հրապարակված վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը: Նախորդ հրապարակման համեմատ Յան Պոուլսենի գլխավորած ընտրանին նահանջել է միանգամից 9 հորիզոնականով` առաջ թողնելով Տանզանիայի, Մալավիի, Սուդանի, Հայիթիի եւ այլ ոչ ֆուտբոլային երկրների հավաքականներին:

2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին 4 հանդիպումներում կրելով նույնքան պարտություն` Հայաստանը լուրջ նահանջ է ապրել վարկանիշային աղյուսակում: 2008թ. հունիսին Հայաստանը ՖԻՖԱ-ի աղյուսակում 78-րդ տեղում էր, սակայն հաջորդ ամսիների ընթացքում կանոնավոր նահանջել է` հայտնվելով 110-րդ հորիզոնականում:

Վարկանիշային աղյուսակը շարունակում են գլխավորել իսպանացիները, որոնց հաջորդում են Գերմանիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Խորվաթիայի, Ռուսաստանի, Չեխիայի եւ Պորտուգալիայի հավաքականները: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների շարքում ինչպես միշտ լավագույնը Ռուսաստանի ցուցանիշն է (8-րդ տեղ): Ուկրաինայի հավաքականը այս անգամ 20-րդ տեղում է: 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներից Թուրքիայի հավաքականը 13-րդն է, Բելգիան` 55-րդը, Բոսնիան` 67-րդը, Էստոնիան, որի հետ Հայաստանը 2 հանդիպում է անցկացնելու 2009թ. գարնանը` 137-րդը: Հարեւան Վրաստանի հավաքականը նահանջել է 2 տեղով եւ այժմ 99-րդն է, իսկ Ադրբեջանը, առաջադիմելով 9 կետով, հանգրվանել է 134-րդ հորիզոնականում:

ՈւԵՖԱ-ի անդամ 53 երկրների շարքում Հայաստանը 43-րդ տեղում է: