«ԱՐՑԱԽԸ» ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտին են մոտենում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որտեղ արդեն կայանում են եզրափակիչի եւ 3-րդ տեղի համար հանդիպումները:
Տղամարդկանց պայքարում բավական լարված պայքար է ծավալվել 3-րդ տեղի համար: «Գյումրին» եւ «Արցախը» նախնական պայմանավորվածության համաձայն 2 հանդիպումներն էլ անցկացրեցին Լեռնային Ղարաբաղում: Առաջին խաղում «Գյումրին» հաղթեց 59:44 հաշվով, սակայն հաջորդ մրցավեճում «Արցախը» ռեւանշի հասավ 56:52 հաշվով: Ըստ կանոնակարգի` բրոնզե մեդալների է արժանանում 2 հաղթանակ տոնած թիմը, ուստի 1:1 հաշվի պարագայում նշանակվել է լրացուցիչ հանդիպում: 3-րդ տեղի համար վճռորոշ հանդիպումը կկայանա Գյումրիում:
Չեմպիոնության համար պայքարում են «Պոլիտեխնիկը» եւ «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն: Այստեղ եւս ոսկե մեդալների կարժանանա առաջինը 2 հաղթանակ տոնած թիմը: Առաջին խաղում փորձառու խաղացողներով համալրված «Պոլիտեխնիկը» առավելության հասավ խոշոր 97:58 հաշվով: Պատասխան խաղում հիմնականում երիտասարդ բասկետբոլիստներով հանդես եկող «Արաբկիր-ՖԻՄԱ»-ն կփորձի ռեւանշի հասնել, այլապես չեմպիոնի կոչումը չզիջի «ճարտարագետներին»:
Կանանց պայքարում 3-րդ տեղի համար պետք է պայքարեին «Արարատը» եւ «Արցախը», սակայն բրոնզե մեդալների համար նախատեսված հանդիպումները չկայացան: «Արցախի» թիմը հրաժարվել է ներկայանալ մրցամարտին եւ արժանացել տեխնիկական պարտության` 0:20 հաշվով: Այսպիսով` 3-րդ տեղը զբաղեցրեց «Արարատը»:
Չեմպիոնի կոչումը վիճարկում են ԳՄԻ-ն եւ «Գրանդ Քենդին»: Առաջին խաղում գյումրեցիները սեփական հարկի տակ առավելության են հասել 80:75 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է Երեւանում: