Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԼԻՎԵՐՊՈՒԼՈՒՄ

Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտավ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը հանդես եկավ միանգամից քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն էր անգլիացի Դարան Լենգլեյը:

Եվրոպայի 2006թ. առաջնության բրոնզե մեդալակիր Դանիելյանը 7:3 հաշվով վստահ հաղթանակ տոնեց եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսպիսով Հովհաննեսը առնվազն բրոնզե մեդալի կարժանանա, իսկ կիսաեզրափակիչում հաղթանակի դեպքում կապահովի նաեւ արծաթե մեդալ:

Հաջորդ փուլում Հովհաննես Դանիելյանի մրցակիցը կլինի Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Հունգարին: Մեդալ նվաճելու ռեալ հնարավորություններ ունեն Հայաստանի եւս 3 ներկայացուցիչ:

64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը քառորդ եզրափակիչում կմրցի Գերմանիան ներկայացնող Վյաչեսլավ Կերբերի հետ: 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը քառորդ եզրափակիչում կհանդիպի Իռլանդիայի ներկայացուցիչ Էամոն Օ` Կեյնի հետ: 91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը քառորդ եզրափակիչում կհանդիպի Ուկրաինան ներկայացնող Դենիս Պոյտիսկայի հետ:

Եվրոպայի առաջնությունում ներկայումս պայքարը շարունաում են Հայաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Լեհաստանի, Մակեդոնիայի, Բելառուսի, Մոնտենեգրոյի, Ուելսի, Շվեդիայի, Ռուսաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Անգլիայի ներկայացուցիչները: