Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵՆ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

Սպորտ

Ըստ գերմանական «Տրանսֆեր-Մարկետ» ընկերության` ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված խաղացողների ընդհանուր արժեքը կազմում է 5.5 մլն եվրո: Այս ցուցանիշով Հայաստանը Եվրոպայի 53 երկրների շարքում 45-րդն է:

Գերմանական այս ընկերությունում ներկայումս ընդգրկված են 26 հայ ֆուտբոլիստներ, որոնցից միայն 10-ն ունեն տրանֆերային արժեքներ: Ներկայումս հայ «ամենաթանկ» ֆուտբոլիստը ռումինական «Տիմիշոարա» ակումբում հանդես եկող Արտավազդ Քարամյանն է, որի տարնսֆերը գերմանացիները գնահատել են 1.8 մլն եվրո: 29-ամյա հայ կիսապաշտպանը վերջին 5 տարիներին հանդես է գալիս եվրոպական թիմերում, իսկ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը հագել է 41 անգամ եւ դարձել 2 գոլի հեղինակ: Քարամյանը «Տիմիշոարայում» է հայտնվել 2007թ. հունվարին, երբ ռումինական այս թիմը նրա տրանսֆերի համար Բուխարեստի «Ռապիդին» վճարեց 1.5 մլն եվրո:

Հայ ֆուտբոլիստների ցանկում 2-րդը Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող Սամվել Մելքոնյանն է (600 հազար եվրո): Հարձակվողական ոճի այս կիսապաշտպանը վերջին ամիսներին «Մետալուրգի» հիմնականում կազմում հազվադեպ է հայտնվում: Ուկրաինական ակումբում Մելքոնյանը հայտնվել է 2008թ. փետրվարին` Երեւանի «Բանանցից»: Այս տրանֆերային տեղափոխության արժեքը չի նշվում, քանի որ «Մետալուրգը» եւ «Բանանցը» ունեն նույն սեփականատերը:

Ամենաթանկ հայ ֆուտբոլիստների եռյակն եզրափակում են դարպասապահ Ռոման Բերեզովսկին («Խիմկի», ՌԴ) եւ հարձակվող Էդգար Մանուչարյանը («Այաքս», Հոլանդիա): Այս ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կազմել է 500 հազար եվրո: 34-ամյա Ռոման Բերեզովսկու տրանֆերային արժեքը ժամանակին հասել էր 2.5 մլն եվրոյի, սակայն վերջին տարիներին Հայաստանի հավաքականի դարպասապահի տրանսֆերի արժեքը մի քանի անգամ կրճատել է: Դա պայմանավորված է նաեւ Ռոմանի տարիքով: Էդգար Մանուչարյանը տրանսֆերային արժեք ունեցող ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստն է: 21-ամյա հարձակվողը, 2005թ. Երեւանի «Փյունիկից» տեղափոխվելով Ամստերդամի «Այաքս», մինչ օրս չի կարողանում ամրապնդվել Հոլանդիայի ամենատիտղոսակիր թիմի կազմում: Ներկայումս Էդգարը հանդես է գալիս «Այաքսի» երիտասարդական թիմում եւ հավանական է, որ ձմռանը տեղափոխվի այլ ակումբ:

«Տրանսֆեր-Մարկետի» տվյալներով` Եվրոպայի ամենաթանկ հավաքականը Իսպանիան` 419 մլն եվրոյով: Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում ամենաթանկը Ռուսաստանն է (150 մլն, 8-րդ տեղ), որին հաջորդում են Ուկրաինան (60 մլն, 25-րդ տեղ), Բելառուսը (33.6 մլն, 35-րդ տեղ), Վրաստանը (27.7 մլն, 39-րդ տեղ): Ադրբեջանը 3.7 մլն եվրոյով 47-րդ տեղում է: