Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆՈՒՄ Է

Սպորտ

«Հավաքականի անդամները լավ են նախապատրաստվել եւ գիտակցում են, որ լինելով գործող չեմպիոն, ավելի բարդ փորձություն է իրենց սպասվում: Արդեն բոլորը գիտեն, որ Հայաստանը չեմպիոն է եւ փորձելու է պահպանել այդ կոչումը», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը:

Վաղը առավոտյան Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները մեկնում են Գերմանիայի Դրեզդեն քաղաք, որտեղ տեղի կունենա 38-րդ Համաշխարհային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը, իսկ նոյեմբերի 13-ին կկայանա 1-ին տուրը:

2006թ. օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս անգամ վարկանիշով ընդամենը 9-րդն է, մինչդեռ 2 տարի առաջ հայ շախմատիստները 2-րդն էին: Թավադյանի կարծիքով` դա չի խանգարի Հայաստանին պայքարել բարձր տեղերի համար. «Մեկնարկային 3 տուրերը ցույց կտան, թե ինչ կարելի է ակնկալել այս անգամ: Պետք է ընդգծել, որ միավորները այս անգամ այլ կերպ են հաշվում: Այս անգամ հաղթանակի համար յուրաքանչյուր հավաքական ստանում է 2 միավոր, ոչ-ոքիի համար` 1: Իսկ նախկինում միավորներ մասնակիցները վաստակում էին այլ կերպ: Օրինակ` եթե հաղթում էիր 3:1 հաշվով, ապա 3 միավոր: Իսկ Դրեզդենում գրանցված հաշվից, հաղթանակի համար 2 միավոր են վաստակելու»:

Նախորդ օլիմպիադայում հավաքականների կազմերում ընդգրկված էին 4 հիմնական եւ 2 պահեստային շախմատիստներ: Այս անգամ յուրաքանչյուր թիմ ներկայացված կլինի 1 պահեստային խաղացողով: Փոխարենը 13 տուրի փոխարեն հավաքականները կանցկացնեն 11 տուր:

Խոսելով մրցակիցների մասին` Հրաչյա Թավադյանը նշեց, որ ինչպես եւ Թուրինում կայացած 2006թ. օլիմպիադայում, այնպես էլ այս անգամ բոլոր ուժեղագույնները հանդես կգան իրենց հավաքականներում. «Կրամնիկը Ռուսաստանի հավաքականում է, աշխարհի նորընծա չեմպիոն Անանդը` Հնդկաստանի, Կառլսենը Նորվեգիայի: Բոլոր ուժեղագույններն էլ ժամանելու են Դրեզդեն»: Հայաստանի հավաքականները հանգրվանելու են օլիմպիադայի մրցավայրի մերձակայքում գտնվող հյուրանոցում. «Դեռեւս 2 ամիս առաջ պատվիրել էինք համարներ եւ փոխանցել գումարները հյուրանոցին: Այն մրցավայրին բավական մոտ է գտնվում: Ոտքով 7-8 րոպե կպահանջվի մեր շախմատիստներից մրցավայր հասնելու համար»:

Հայաստանը միշտ էլ բարձր տեղերի համար է պայքարում օլիմպիադաներում, սակայն կոնկրետ խնդիր հավաքականի առջեւ դրված չէ. «Հաջող հանդես գալու ցանկությունը մեծ է, բայց որքան էլ լավ նախապատրաստվես, մարզական բախտ պետք է ունենաս: Նախորդ օլիմպիադայում Ռուսաստանը շատ ուժեղ կազմով էր ներկայացել, սակայն ընդամենը 6-րդ տեղում հայտնվեց:Դժվար է ասել, ինչ արդյունքի կհասնենք: Կան 10-15 հավաքականներ, որոնք հնարավորություն ունեն պայքարելու բարձր տեղերի համար, իսկ թե ով կհասնի հաջողության ցույց կտա մրցաշարը»: