Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում ավարտվում են նախնական փուլի հանդիպումները: Լիվերպուլում ընթացող առաջնությունում Հայաստանի ներկայացուցիներից, 64 կգ քաշային Էդուարդ Համբարձումյանը հերթական հաղթանակն է տոնել:

Առաջին փուլում Էդուարդը հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Դենիս Լազարեւին, իսկ 1/8-րդ եզրափակիչում Համբարձումյանի մրցակիցը լիտվացի Էգիդիուս Կավալիաուսկասն էր:

Հավասար պայքարում ընթացած մրցամարտում կողմերը բավական զգույշ էին գործում: Ի վերջո, հայ բռնցքամարտիկը հաղթեց 6:3 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Գերմանիան ներկայացնող Վյաչեսլավ Կերբերը: Հաղթանակի դեպքում Էդուարդ Համբարձումյանը առնվազն բրոնզե մեդալ կապահովի: 75կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը 1/8-րդ եզրափակիչում մրցեց լեհ Դարիուշ Սեկի հետ: Այս մրցամարտը եւս անցավ հավասար պայքարում: Հայ բռցնքամարտիկը առավելության հասավ 5:4 հաշվով եւ նվաճեց քառորդ եզրափակիչի ուղեգիր: Հաջորդ փուլում Հակոբյանի մրցակիցը կլինի Իռլանդիայի ներկայացուցիչ Էամոն Օ` Կեյնը, որին հաղթելու դեպքում Անդրանիկը եւս կդառնա մրցանակակիր` դուրս գալով կիսաեզրափակիչ:

91 կգ քաշային Ցոլակ Անանիկյանը 1/16-րդ եզրափակիչում հաղթել է Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Պավլիդիսին: 1/8-րդ եզրափակիչում Ցոլակը 8:3 հաշվով առավելության հասավ լիտվացի Վիտալիուս Սուբացիուսի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Անանիկյանը կհանդիպի Ուկրաինան ներկայացնող Դենիս Պոյտիսկայի հետ:

Առայժմ պայքարի մեջ չեն մտել 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, որը հանդես կգա միանգամից քառորդ եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի անգլիացի Դարան Լենգլեյը:

Այսպիսով Հայաստանը 9 ներկայացուցիչներից պայքարը շարունակող 4 բռցնքամարտիկներն արդեն քառորդ եզրափակիչում են եւ այս փուլում հաղթանակի դեպքում առնվազն բրոնզե մեդալով կվերադառնան Անգլիայից: