47 ԳՈԼ 4 ԽԱՂՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկնարկեց ֆուտզալի Հայաստանի 2008-2009 թթ. առաջնությանը: Առաջին տուրում ուշադրության կենտրոնում էր «Էրեբունի»-«Թալ-Գրիգ» մրցավեճը: Գավաթի եզրափակիչում 5:3 հաշվով «Թալ Գրիգի» նկատմամբ հաջողության հասած «Էրեբունին» այս անգամ չկարողացավ հաղթել Ռուբեն Նազարեթյանի սաներին: Գրանցվեց մարտական ոչ-ոքի` 5:5: «Թալ Գրիգի» կազմում երկու անգամ աչքի ընկավ Վլադիմիր Կարապետյանը, իսկ մնացած ֆուտբոլիստները հաջողության հասան մեկական անգամ:
«Պոլիտեխնիկ» 11:4 հաշվով առաջվելության հասավ «Ավանի» նկատմամբ: Այս խաղում չորս գոլի հեղինակ դարձավ տանտերերի առանցքային ֆուտբոլիստ Կարեն Միքայելյանը: «Եվրոպան» 9:2 հաշվով ջախջախեց «Ռեմային»: Հաղթողների կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Յուրի Զարգարյանը: Մարզային թիմերի` «Հրազդանի» եւ «Գյումրի» մրցավեճում եւս գրանցվեց խոշոր հաշիվ: 8:3 հաշվով առավելության հասան հրազդանցիները: Այս խաղում միանգամից հինգ գոլի հեղինակ դարձավ Վանիկ Ղազարյանը, ով սկսեց գլխավորել ռմբարկուների ցուցակը:
ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Հայաստանի կանանց ազգային հավաքականն իր 2-րդ հանդիպումն անցկացրեց Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում: Այս անգամ մեր թիմը մրցեց Մակեդոնիայի ընտրանու հետ, որն ինչպես եւ մեր հավաքականը, առաջին խաղում հաղթանակ էր տարել:
19-րդ րոպեին հաշիվը բացեց Գայանե Կոստանյանը, որի համար սա 2-րդ գնդակն էր այս մրցաշարում, սակայն 5 րոպե անց տանտերերը 11-մետրանոցի իրավունք ստացան եւ վերականգնեցին հաշվի տարբերությունը: 2-րդ կեսում դաշտում հավասար պայքար էր ընթանում, բայց թիմերից եւ ոչ մեկին արդյունքի հասնել այլեւս չհաջողվեց: Առաջին խաղում Հայաստանը 2:1 հաշվով հաղթել էր Էստոնիային:
2-րդ տուրի մյուս խաղում, որտեղ մրցեցին Մալթան ու Էստոնիան, գրանցվեց ոչ ոքի` 1:1: Վերջին տուրում Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմրցի Մալթայի, իսկ Մակեդոնիան` Էստոնիայի հետ: 2-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի եւ Մակեդոնիայի ընտրանիները, որոնք վաստակել են 4-ական միավոր: Մեկական միավոր ունեն Էստոնիան ու Մալթան: