ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԵՏ
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը վաղը` նոյեմբերի 5-ին, մեկնում է Վրաստանի Ախմետա քաղաք, որտեղ կկայանա միջազգային մրցաշար: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն շուրջ 20 պատանիներ:
Գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանը հայտնեց, որ Վրաստանում հայ պատանիները մրցելու են 3 երկրների ներկայացուցիչների հետ. «Մեր մրցակիցներն էլ լինելու Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի պատանի ձյուդոյիստները: Առաջիկա մրցաշարին մասնակցելու համար հավաքական ենք ընտրել այն ձյուդոյիստներին, որոնք իրենց լավ են դրսեւորել Պետրոս Նազարյանի հուշամրցաշարում: Վրաստանի մրցաշարը լավ առիթ է միջազգային հանդիպումների փորձ ձեռք բերելու եւ հաջորդ տարի Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար»:
Խոսելով այն մասին, որ Վրաստանում միմյանց են հանդիպելու Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքական թիմերը` Մարտին Սարգսյանը ասաց. «Մենք առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի հավաքականի հետ միասին մասնակցում ենք միջազգային մրցաշարի: Նախկինում մասնակցել ենք նաեւ Գորիում, Քութայիսիում կայացած մրցաշարին, որտեղ եւս հանդիպել ենք մեծ թվով ադրբեջանցիների: Կարող եմ ասել, որ որեւէ արտառոց միջադեպ չի գրանցել, որեւէ լարված մթնոլորտ չի եղել: Եղել է զուտ սպորտային մրցակցություն»: