Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՅՏՆՎԵԼ «ՖԵՅԵՆՈՐԴՈՒՄ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լեւոն Պաչաջյանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդ» ակումբը, որը Հոլանդիայի ամենահեղինավոր թիմերից մեկն է:

Ներկայումս Պաչաջյանը հանդես է գալիս Շվեդիայի առաջնությունում` ԳԱԻՍ թիմում: Գյոթեբորգ քաղաքի այս ակումը Շվեդիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ 16 թիմերի պայքարում ընթանում է 10-րդ հորիզոնականում: Պաչաջյանը այս թիմում հայտնվել էր հունվարին եւ դարձել ԳԱԻՍ-ի առանցքային ֆուտբոլիստների մեկը:

Լեւոնը դեռեւս ամռանը ցանկանում էր փոխել ակումբը եւ հայտնվել ավելի հեղինակավոր թիմում. «Մտադիր եմ տեղափոխվել այլ թիմ, սակայն եթե չստացվի, չեմ հուսահատվի: Կփորձեմ նոր թիմ գտնել ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի բացվելու ընթացքում», - ամսիներ առաջ «Ա1+»-ի հետ զրույցում ասել էր 2007թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը:

Այժմ հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է հոլանդական «Ֆեյենորդը», որը բանակցություններ է սկսել ԳԱԻՍ-ի հետ: Հոլանդիայի առաջնության մեկնարկում «Ֆեյենորդը» բավական անհաջող է հանդես գալիս եւ 9 տուրից հետո ընդամենը 13-րդ հորիզոնականում է: Ակումբի նախագահ Դիկ վան Վելը հայտարարել է, որ ձմռանը բացվող տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ֆեյենորդը» փորձելու է լրջորեն համալրել իր կազմը:

Հոլանդական ակումբի կազմում ներկայումս ընդգրկված են 7 լեգեոներներ, որոնցից 5-ը Եվրամիության անդամ երկրների քաղաքացի չեն:

Ի դեպ, եթե ձմռանը այս տեղափոխությունը կայանա, ապա Լեւոն Պաչաջյանը կդառնա 2-րդ հայ ֆուտբոլիստը, որին հաջողվել է հանդես գալ հոլանդական ակումբում: Հիշեցնենք, որ առաջինը Էդգար Մանուչարյանն է, որի տրանսֆերը վերջին տարիներին պատկանում է Ամստերդամի «Այաքսին», թեեւ Մանուչարյանը ներկայումս միայն «Այաքսի» երիտասարդական թիմի կազմում է դուրս գալիս խաղադաշտ: