Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱՎԱԽՅԱՆԸ ՓՈԽԵԼ Է ՔԱՇԸ

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը այսօր մեկնում է Անգլիայի Լիվերպուլ քաղաք, որտեղ նոյեմբերի 7-15-ը կկայանա Եվրոպայի 2008թ. առաջնությունը: Հայաստանի բռնցքամարտի ‎ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր կմեկնի Դերենիկ Գաբրիելյանի գլխավորությամբ: Թիմի պետ Ատոմ Պողոսյանն է, իսկ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 48կգ Հովհաննես Դանիելյանը, 51 կգ Դերենիկ Գիժլարյանը, 54 կգ Արթուր Գրիգորյանը, 57 կգ Ազատ Հովհաննիսյանը, 60 կգ Արա Բուլուզյանը, 64կգ Էդուարդ Համբարձումյանը, 69 կգ Սամվել Մաթեւոսյանը, 75 կգ Անդրանիկ Հակոբյանը եւ 91կգ Ցոլակ Անանիկյանը:

Անգլիա մեկնողների ցանկում չէ 2008թ. օլիմպիական խաղերում Հայաստանի բռնցքամարտի հավաքականում մեդալի արժանացած միակ մարզիկը` Հրաչյա Ջավախյանը: Պեկինում 60կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալի արժանացած Ջավախյանը փոխել է քաշային կարգը եւ այսուհետեւ հանդես կգա 64 կգ քաշայինների պայքարում:

Բռցնքամարտի ֆեդերացիայում հայտնեցին, որ նպատակահարմար չէ քաշային կարգը վերջերս փոխած մարզիկին միանգամից դուրս բերել Եվրոպայի առաջնություն: Առաջիկայում Հրաչյա Ջավախյանը կմասնակցի միջազգային այլ մրցաշարերի եւ աստիճանաբար կհարմարվի նոր քաշային կարգին:

Եվրոպայի գալիք առաջնությունում Հայաստանը կունենա նաեւ մրցավար: Հանդիպումներ վարելու իրավունք է ստացել Սուրեն Ղազարյանը:

Եվրոպայի 2008թ. առաջնությունում ֆավորիտ է համարվում Ռուսաստանի հավաքականը, սակայն ռուսները հայտարարել են, որ մարտական կազմով չեն ժամանելու Լիվերպուլ:

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակը հայտարարել է, որ առաջնությունում իրենց դրսեւորելու հնարավորություն կստանան մի շարք երիտասարդ բռնցքամարտիկներ: Չնայած այս հանգամանքին` Ռուսաստանի առջեւ խնդիր է դրված թիմային հաշվարկում գրավել 1-ին հորիզոնականը:

Ի դեպ, Ռուսաստանի հավաքականի կազմում է ընդգրկված 57 կգ քաշային հայ բռնցքամարտիկ Արայիկ Համբարձումովը: