ԴԱՐՉԻՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՓՈՂԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ում առաջին անգամ բռնցքամարտի պատմության մեջ շաբաթ օրը կայացավ երեք չեմպիոնական տիտղոսները միավորող մրցամարտ թեթեւ քաշային կարգում: Ռինգ դուրս եկան հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը (IBF) եւ մեքսիկացի Քրիստիան Միխարեսը (WBC, WBA):
Արդեն առաջին ռաունդում Դարչինյանը մրցակցին նոկդաունի ենթարկեց եւ տիրեց նախաձեռնության հաջորդ ռաունդներում: Միխարեսին ոչ մի կերպ չէր հաջողվում հարմարվել հայ բռնցքամարտիկի հարձակվողական ոճին: Մրցամարտի ելքը վերջնականապես վճռվեց 9-րդ ռաունդում, երբ Դարչինյանը ձախ հարվածով խոր նոկաուտի ենթարկեց մրցակցին: Մինչ այս ռաունդը բոլոր մրցավարները ավելի շատ միավորներ շնորհել էին Դարչինյանին: Մրցամարտից առաջ բուքմեյքերները ֆավորիտ էին համարվում Միխարեսին:
Դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն` Վախթանգ Դարչինյանը հանդիպումից հետո հայտարարել է, որ կցանկանար հաջորդ մրցամարտը անցկացնել WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ֆեռնանդո Մոնտելյայի հետ. «Միխարեսը լավ մարզիկ է եւ մրցամարտը հեշտ չէր: Ես ցանկանում եմ հավաքել բոլոր չեմպիոնական գոտիները: Հաջորդը պետք է լինի Ֆեռնանդո Մոնտելյան: Եթե ես հանդիպեմ Մոնտելյայի հետ, ապա նա թոշակառու կդառնա: Ես փողի համար չեմ դուրս գալիս ռինգ: Իհարկե, փողերը նշանակություն ունեն, բայց ճանաչումը ավելի կարեւոր է: Ես ուզում եմ, որ իմ տղային ճանաչեն, որպես լեգենդի եւ աշխարհի չեմպիոնի որդու: Դրանից թանկ ոչինչ չկա ինձ համար»:
Դարչինյանից պարտծ Քրիստիան Միխարեսը խոստովանել է, որ Վախթանգը ավելի ուժեղ էր. «Ի՞նչ կարող եմ ասել: Ես չկարողացա հակախաղ գտնել նրա ոճին: Նա ուժեղ բռնցքամարտիկ է, եւ ես շնորհավորում են նրան: Ես չեմ ցանկանում արդարանալ: Ես պայքարեցի ինչպես իսկական մեքսիկացի` ապավինելով իմ բնավորությանը եւ խելքին: Պարտվեցի, բայց պատրաստ եմ ռեւանշի ցանկացած պահի»: