ԱՎԱԳԻ ԹԵՎԿԱՊԸ` ՔԱՐԱՄՅԱՆԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀանգստյան օրերին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ընդհանուր առմամբ հաջող են հանդես եկել եվրոպական թիմերում: Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Ռոման Բերեզովսկու «Խիմկիին» Սանկտ-Պետերբուրգում 0:1 հաշվով զիջեց «Զենիթին»: Վերջինս մի քանի անգամ կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն իր բարձրության վրա էր Հայաստանի հավաքականի դարպասապահը, որը վերջին հանդիպումներում բավական հաջող է հանդես գալիս «Խիմկիի» կազմում: Չնայած պարտությանը Ռոմանի թիմը պահպանեց 14-րդ հորիզոնականը:
Փոխարինողների մրցաշարում հերթական գոլն է խփել Հովհաննես Գոհարյանը: Այս անգամ «Լոկոմոտիվի» հայ հարձակվողը աչքի է Մոսկվայի «Դինամոյի» հետ մրցավեճում` 88-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11 մետրանոցը: Այս գոլի շնորհիվ երկաթուղայինները հաղթել են 2:1 հաշվով: Հովհաննես Գոհարյանը 22 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը եւ ամենայն հավանականությամբ կդառնա փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու:
Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրում անհաջող հանդես եկավ Դոնեցկի «Մետալուրգը», որը հյուրընկալվելիս 0:1 հաշվով զիջեց «Վորսկլային»: Տանտերերը հաջողության հասան 89-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի խաղացողներ Արարատ Առաքելյանը եւ Սամվել Մելքոնյանը կրկին բացակայում էին «Մետալուրգի» մեկնարկային կազմից, իսկ Սամվելը ընդհանրապես հայտավորված չէր հանդիպմանը: Առաքելյանը փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին` բուլղարացի Վելիզար Դիմիտրովի փոխարեն: Պարտվելով այս խաղում «Մետալուրգը» նահանջեց 3-րդ հորիզոնական:
Փոխարինողների մրցաշարում Սամվել Մելքոնյանը «Մետալուրգի» կազմում մասնակցեց «Վորսկլայի» հետ մրցավեճին եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Մետալուրգը» հաղթեց 2:1 հաշվով:
Բելառուսում կայացել են գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի պատասխան հանդիպումները:
«Գոմելը», որի կազմում հանդես են գալիս Արա Հակոբյանը, Աղվան Մկրտչյանը եւ Արմեն Տիգրանյանը, առաջին խաղում 2:0 հաշվով առավելության էր հասել «Վոլնայի» նկատմամբ: Պատասխան խաղում «Գոմելը» հաղթեց 4:2 հաշվով: Հաշիվը արդեն երկորդ րոպեին բացեց Արա Հակոբյանը: Եւս 2 գոլի հեղինակ դարձավ Աղվան Մկրտչյանը: Ռումինիայի առաջնության 13-րդ տուրում Արման եւ Արտավազդ Քարամյանների «Տիմիշոարան» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց «Օցեուլի» հետ մրցավեճը:
Մեկնարկային կազմում ընդգրկված էր միայն Արտավազդը, որը այս խաղում «Տիմիշոարայի» ավագն էր եւ արդեն յոթերորդ րոպեին բացեց խաղի հաշիվը: Քարամյանների թիմը 24 միավորով շարունակում է եզրափակել լավագույն եռյակը: Դանիայի առաջնության 12-րդ տուրում Ռոբերտ Արզումանյանի «Ռանդերսը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով առավելության հասավ «Սանդերիյսկի» նկատմամբ: Արզումանյանը ինչպես եւ նախորդ տուրերում դուրս չեկավ խաղադաշտ: Փոխարենը հայ ֆուտբոլիստը մասնակցեց գավաթի խաղարկության մրցավեճին, որում «Ռանդերսը» 2:3 հաշվով զիջեց «Հորսենսին»:
Շվեդիայի առաջնության նախավերջին 29-րդ տուրում Լեւոն Պարաջյանի ԳԱԻՍ-ը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Լյունգսկիլի» դարպասը: Պաչաջյանը վնասվածք ուներ եւ այս հանդիպմանը չմասնակցեց: ԳԱԻՍ-ը 38 միավորով ընթանում է 10-րդ հորիզոնականում: