Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՆՐ ՏՈՒՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում վաղը կկայանան 26-րդ տուրի հանդիպումները: Չեմպիոնության համար պայքարող «Փյունիկին» եւ «Արարատին» ծանր հանդիպումներ են սպասվում:

«ԳԱՆՁԱՍԱՐ» - «ՓՅՈՒՆԻԿ» 14:00

Կապան, «Գանձասար» մարզադաշտ

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Կապանում, որտեղ 3-րդ տեղում ընթացող «Գնաձասարը» կհյուրընկալի առաջատար «Փյունիկին»: Սեփական հարկի տակ «Գանձասարը» ընթացիկ առաջնությունում հազվադեպ է պարտություն կրում, սակայն նախորդ տուրում կապանցիները չկարողացան առավելության հասնել ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ եւ այս խաղում կփորձեն ետ բերել կորցրած: Բացի այդ թիմը լի է վճռականությամբ ռեւանշի հասնելու երրորդ շրջանում «Փյունիկից» կրած խոշոր 1:4 հաշվով պարտության համար: Իսկ մինչ այս այս թիմերի միջեւ հանդիպումները ընթացել էին սակավաթիվ գոլերի ուղեկցությամբ: Ընթացիկ մրցաշրջանում «Գանձասարը» եւ «Փյունիկը» կմրցեն 6-րդ անգամ: Նախորդ 5 հանդիպումներից 3-ում արձանագրվել է ոչ-ոքի եւ մեկական անգամ կողմերին հաջողվել է հաղթել:

«ՄԻԿԱ» - «ԱՐԱՐԱՏ» 14:00

Երեւան, «Միկա» մարզադաշտ

Եւս մեկ կարեւոր մրցավեճ տեղի կունենա «Միկայի» համանուն մարզադաշտում: Նախորդ տուրում 0:3 հաշվով զիջելով «Փյունիկին»` «Միկան» նահանջեց 4-րդ հորիզոնական: Իսկ «Արարատը» ընթանում է 2-րդ տեղում եւ միավոների յուրաքանչյուր կորստի դեպքում չեմպիոն դառնալու թիմի հնարավորությունները կտրուկ կնվազեն: Առաջիկա մրցավեճին Վարուժան Սուքիասյանի սաները կներկայանան մարտական կազմով:

Դեռ ավելին, մարզիչը «Շիրակի» հետ հանդիպման 2-րդ կեսում փոխարինեց իր առաջատար խաղացողներին` խնայելով նրանց «Միկայի» հետ մրցավեճի համար: Ընթացիկ մրցաշրջանում թիմերը մրցել են 3 անգամ, որից 2-ում հաղթել է «Արարատը», իսկ մյուսում գրանցվել է ոչ-ոքի:

«ԿԻԼԻԿԻԱ» - «ԲԱՆԱՆՑ» 14:00

Երեւան, «Հրազդան» մարզադաշտ

«Բանանցը» այլեւս ոչնչի չի հավակնում. պարզապես թիմը կփորձի առաջին հաղթանակը տոնել Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ: Իսկ ետնապահ «Կիլիկիան» յուրաքանչյուր հանդիպմանը դուրս գալիս խաղադաշտ` փորձելով ավելացնել միավորների քանակը:

«ՇԻՐԱԿ» - «ՈւԼԻՍ» 14:00

Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

2 թիմերն էլ մրցաշարային աղյուսակում առաջադիմելու որեւէ հնարավորություն այլեւս չունեն: Անկախ առաջիկա հանդիպումների արդյունքներից «Ուլիսը» առաջնությունը կավարտի 6-րդ տեղում, իսկ «Շիրակը» ամենայն հավանականությամբ կզբաղեցնի 7-րդ հորիզոնականը: