Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ

Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականը Ջերմուկում սկսել է նախապատրաստվել Գերմանիայի Դրեզդեն քաղաքում նոյեմբերին կայանալիք շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադային: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:

Հայաստանը առաջիկա մրցաշարին կմասնակցի որպես գործող չեմպիոն: 2006թ. Թուրինում կայացած համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը առաջին անգամ իր պատմության մեջ դարձել էր չեմպիոն: Այս անգամ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը: Վերջինս փոխարինել է մայիսին կյանքից վաղաժամ հեռացած Կարեն Ասրյանին:

Ներկայումս Ջերմուկում են հավաքականի անդամների զգալի մասը, իսկ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը Հայաստան կժամանեն 3 օրից: Ներկայումս այս գրոսմայստերները իսպանական «Լինեքս» ակումբի կազմում Իսպանիայում մասնակցելու է մրցաշարի: Հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը Դրեզդենում կմիանա Հայաստանի ընտրանուն: Օլիմպիադային մասնակցելու հայտ են ներկայացրել 152 երկրներ: Այս անգամ մրցաշարը անցկացվելու է 11 տուրում: Նախորդ օլիմպիադայում մասնակիցները անցկացրեցին 13 տուր:

Ամենաբարձր վարկանիշը օլիմպիադայում կունենա Ռուսաստանը, որը բավական ուժեղ կազմով է ներկայանալու մրցաշարին: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա նաեւ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը, որի հետ միասին ելույթ կունենան նաեւ Ալեքսանդր Մորոզեւիչը, Պյոտր Սվիդլերը, Ալեքսանդր Գրիշչուկը եւ Դմիտրի Յակովենկոն:

Այս շախմատիստների միջին վարկանիշը 2750 է, որը առավել քան բարձր ցուցանիշ է: Ջերմուկում ուսումնամարզական հավաք է սկսել նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որը գլխավորում է Արսեն Եղիազարյանը: Նախորդ օլիմպիադայում Հայաստանի կանանց հավաքականը գրավել էր 8-րդ հորիզոնականը: