«ՓՅՈՒՆԻԿԸ» ՋԱԽՋԱԽՈՒՄ Է «ՄԻԿԱՅԻՆ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 24-րդ տուրի հանդիպումները: Տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ առաջատար «Փյունիկը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկայի» դարպասը: Հանդիպման առաջին կեսը անցավ հավասար պայքարում եւ գրանցվեց դարպասի մեկ գրավում:
20-րդ րոպեին 11 մետրանոցի իրավունք վաստակեց Հենրիխ Մխիթարյանը եւ տուգանայինը անվրեպ իրացրեց Սարգիս Հովսեփյանը: 2-րդ կեսում «Փյունիկի» առավելությունը արդեն բացահայտ էր: 72-րդ րոպեին գեղեցիկ գոլ խփեց Գեւորգ Ղազարյանը, որը միայնակ ճեղքելով հյուրերի պաշտպանությունը` կրկնապատկեց հաշվի տարբերությունը: 2-րդ գոլից հետո «Միկայի» պաշտպանությունը սկսեց բազմաթիվ սխալներ թույլ տալ, իսկ «Փյունիկը» մի շարք ռեալ գոլային պահեր ստեղծեց, որոնցից մեկը 88-րդ րոպեին ավարտվեց Ալբերտ Թադեւոսյանի խփած գոլով:
Հաղթելով 3:0 հաշվով` «Փյունիկը» 56 միավորով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում: Չեմպիոնին 53 միավորով հաջորդում է «Արարատը», որը այսօր Աբովյանի քաղաքային մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ: «Արարատի» կազմում մեկական անգամ աչքի ընկան բրազիլացիներ Մարկոսը եւ Ռենատոն:
Անակնկալ արդյունք գրանցվեց Կապանում, որտեղ «Գանձասարը» չկարողացավ առավելության հասնել ետնապահ «Կիլիկիայի» նկատմամբ: Հանդիպումը ավարտվեց 2:2 հաշվով: «Ուլիսը» Արտաշես Բաղդասարյանի միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ: