Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԵԴԱԼ ՉՈՒՆԵՑԱՆՔ

Սպորտ

Վիետնամում քիչ առաջ ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որտեղ կայացան վերջին 11-րդ տուրի հանդիպումները:

Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալ նվաճելու հնարավորություն ուներ միայն 18 տարեկանների պայքարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը:

Նախ նշենք, որ Սամվելը կարող էր նաեւ 16 տարեկանների պայքարում հանդես գալ, քանի որ դեռ 15 տարեկան է, սակայն նախընտրել էր ելույթ ունենալ ավելի ուժեղ կազմ ունեցող տարիքային խմբում եւ բարելավել իր անձնական վարկանիշը: Վանաձորցի շախմատիստը, որը արդեն գրոսմայստերի նորմա է լրացրել, վերջին տուրում հանդիպեց առաջատար Իվան Սարիչի հետ եւ հաղթանակի դեպքում կդառնար աշխարհի չեմպիոն: Ցավոք, պարտիան ավարտվեց ոչ-ոքի, եւ Սամվելը բավարարվեց միայն 4-րդ հորիզոնականով: Ինչպես եւ առաջին 3 տեղերում հայտնված մասնակիցները, այնպես էլ Տեր-Սահակյանը, վաստակել էին 8-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստը զրկվեց մեդալից: Չեմպիոնի կոչմանը արժանացավ Իվան Սարիչը, որը ներկայացնում էր Խորվաթիան: Ամեն դեպքում Սամվելը հաջող հանդես եկավ եւ անցկացրած 11 պարտիաներում չկրելով ոչ մի պարտություն` միայն լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը զիջեց խորվաթ շախմատիստին:

Տղաների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները նույնիսկ մոտ չէին մեդալներին: Լավագույն տասնյակում կարող էր հայտնվել 10 տարեկանների պայքարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը, որը 7 միավորով ի վերջո հանգրվանեց 10-րդ տեղում: Նույնքան միավոր վաստակեց նաեւ 14 տարեկանների պայքարում հանդես եկած Կարեն Գրիգորյանը, որը 13-րդ տեղում ավարտվեց առաջնությունը:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից ամենահաջողը հանդես եկավ Զոզան Շաքրյանը, որը ելույթ ունեցավ 16 տարեկանների պայքարում: Զոզանը 7 միավորով գրավեց 9-րդ հորիզոնականը: