Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՈՒԼՍԵՆԸ ԿՄՆԱ ԻՐ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը կշարունակի աշխատել իր պաշտոնում: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի ‎ֆուտբոլի ֆ‎եդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Ասուլիսի սկզբում Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ միասին քննարկեց ՀՖՖ նոր խորհրդանիշի մի քանի տարբերակներ: Ներկաները հավանության արժանացրեցին միայն մեկ տարբերակ: Ֆեդերացիայի նոր լոգոյի վրա կրկին տեղ էր զբաղեցրել Արարատ լեռը: Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ լոգոն կհաստատվի նոյեմբերին կայանալիք ֆեդերացիայի տարեկան նիստում:

Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաեւ Հայաստանի ազգային հավաքականի վերջին անհաջող ելույթներից` նշելով, որ հավաքականի մարզիչը մեղավոր չէ այս անհաջողությունների համար «Հավաքականի մարզիչը ինչ կարող է անել, եթե ֆուտբոլիստները դուրս են գալիս խաղադաշտ եւ ցույց չեն տալիս իրենց կարողությունները: Բացառությամբ Ռոման Բերեզվոսկու, Ռոբերտ Արզումանյանի, Սարգիս Հովսեփյանի եւ Արթուր Ոսկանյանի` մնացածները անբանների նման զբոսնում էին խաղադաշտում: Իսկ ֆուտբոլը այն մարզաձեւն է, որում ողջ թիմը պետք է լավ հանդս գա հաջող արդյունքի համար»:

ՀՖՖ նախագահը ընդգծեց, որ խաղացողները միտումնավոր չեն անհաջող հանդես եկել. «Ես ցանկանում եմ, որ ինձ ճիշտ հասկանաք: Խաղացողներից ոչ-ոք միտումնավոր չէ այդպես հանդես գալիս: Նրանք ոչ թե չեն ուզում վազել, այլ պատրաստ չեն: Եթե ակումբներում չունեն խաղային պրակտիկա, բնականաբար խնդիրներ կունենան մարզավիճակի հետ: Հավաքականի մարզիչի տրամադրության տակ նրանք ընդամենը 4 օր են լինում, եւ այդ ընթացքում մարզիչը չի կարող նրանք ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնել»:

Ռուբեն Հայրապետյանը ընդգծեց, որ այսօր հայկական ֆուտբոլի համար շատ կարեւոր է հարց է ակումբների քանակը ավելացնելը. «Այսօր մենք չունենք 2-րդ խումբ, որը մեր ֆուտբոլի ամենամեծ խնդիրներից է: Իհարկե, ֆինանսներն են պատճառը, որը ակումբների քանակը քիչ է: Շատերը չեն ցանկանում ֆուտբոլում գումարներ ծախսել: Բայց, այնուամանայնիվ, առաջիկայում 1-2 ակումբ կավելանա: Իսկ ֆեդերացիան պետք է հետեւի, որ լուրջ թիմեր ստեղծվեն, այլ ոչ թե ակումբը ստեղծվի եւ 15 օր հետո լուծարվի, ինչպես որ դա եղավ անցած տարի Իջեւանի «Բենտոնիտի» հետ»:

Ֆեդերացիայի ղեկավարը խոսեց նաեւ իր պաշտոնի մասին` նշելով, որ կառչած չէ աթոռից: Նա անդրադարձավ մասնավորապես «Արարատ-73»-ի խաղացող Արկադի Անդրեասյանի այն ելույթին, որում նախկին ֆուտբոլիստը հայտարարել էր, թե Ռուբեն Հայրապետյանը պետք է հրաժարական տա:

«Եթե մեր ժողովուրդը ցանկանում է, որ ես հեռանամ, ես նույն րոպեին հրաժարականի դիմում կներկայացնեմ: Թող Արկադի Անդրեասյանը գա ղեկավարի մեր ֆուտբոլը», - վրդովված ասաց Ռուբեն Հայրապետյանը` ավելացնոլով, որ ինքը չի թերացել իր աշխատանքում. «Ֆեդերացիայի ղեկավարին հեռացնում են, երբ նա ֆինանսական չարաշահումներ է կատարում, անգործության է մատնված լինում: Այսօր ֆեդերացիան մարզադաշտեր, ֆուտբոլի դպրոց-ինտերնատ, բաց խաղադաշտեր է կառուցում, որը պարտավոր չէր անել: Մի՞գուցե սրա համար են մեղադրում»: