«ՊԵՏՔ ՉԷ ՀԻԱՍԹԱՓՎԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ես հասկանում եմ, որ մեր երկրպագուների սպասելիքները չեն արդարացել, սակայն պետք չէ հիասթափվել: Մեր ֆուտբոլասերները պետք է գիտակցեն, որ ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում է: Հաջողությունների համար ժամանակ է հարկավոր եւ 1-2 տարում լուրջ արդյունքների հասնել հնարավոր չէ», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Ամստերդամի «Այաքսի» խաղացող Էդգար Մանուչարյանը` խոսելով Հայաստանի հավաքականի վերջին ելույթներից առաջացած հիասթափության մասին:
Հայաստանի հավաքականը, 2010թ. ընտրական փուլի առաջին 4 հանդիպումներում նույնքան պարտություն կրելով, եզրափակում է 5-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Էդգար Մանուչարյանը Բելգիայի եւ Բոսնիայի հետ կայացած վերջին 2 հանդիպումներից չմասնակցեց, քանի որ վնասվածք ուներ. «Վնասվածքը թույլ չտվեց միանալ հավաքականին: Ներկայումս արդեն ապաքինվել եմ եւ պատրաստվում եմ մասնակցել «Այաքսի» երիտասարդական թիմի առաջիկա մրցավեճին, բայց 90 րոպե խաղադաշտում չեմ անցկացնի»:
Էդգար Մանուչարյանը հետեւել է Հայաստանի ընտրանու վերջին հանդիպումներին եւ գտնում է, որ պարտությունների պատճառը հիմնականում հոգեբանական էր. «Ընդհանրապես այս խմբում հեշտ հանդիպումներ լինել չեն կարող: Առաջին 2 պարտություններից հետո թերեւս շատ դժվար էր տրամադրվել Բելգիայի եւ Բոսնիայի հետ հանդիպումներին: Երբ արդեն մեկնարկում գործնականում կորցնում ես խմբից դուրս գալու հնարավորությունը, դա չի կարող ազդել խաղացողների հոգեբանության վրա, քանի որ յուրաքանչյուր հավաքական ձգտում է լավ արդյունքի հասնել ընտրական փուլում»:
«Եվրո-2008»-ի ընտրական փուլում եւս Հայաստանը կորցրել էր եզրափակիչ փուլում հայտնվելու հնարավորությունը, սակայն սա չխանգարեց հայ ֆուտբոլիստներին լուսահոգի Յան Պորտերֆիլդի գլխավորությամբ մի շարք տպավորիչ ելույթներ ունենալ: «Նախորդ ընտրական փուլի համեմատ տարբերությունը այն է, որ այս անգամ Թուրքիայի կրած ցավալի պարտությունից հետո 3 ծանր հանդիպում հյուրընկալվելիս անցկացրեցինք: Ես եւ հավաքականի մյուս խաղացողները միշտ խաղացել ենք մեր ազգի համար եւ պետք չէ հիասթափվել այս անհաջողությւոններից: Ես հավատում եմ մեր հավաքականի ապագային»,-ասաց նա:
Մանուչարյանը վերջին ամիսներին զրկված է կանոնավոր խաղային պրակտիկայից, ինչը բնականաբար ազդում է նրա մարզավիճակի վրա: Չի բացառվում, որ ձմռանը Էդգարը հեռանա «Այաքսից». «Նման ցանկություն ունեմ: Ինձ համար շատ կարեւոր է մշտապես դուրս գալ խաղադաշտ եւ ունենալ խաղային պրակտիկա: Առայժմ այս կապացությամբ հստակ ոչինչ ասել չեմ կարող»: