Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՅՆ ՍԱՄՎԵԼԸ

Սպորտ

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության վերջին 11-րդ տուրից առաջ Հայաստանի 15 ներկայացուցիչներից մեդալ նվաճելու հնարավորություն ունի միայն 18 տարեկանների պայքարում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը:

Քիչ առաջ ավարտվեցին 10-րդ տուրի հանդիպումները, որոնցում Հայաստանի ներկայացուցիչները չփայլեցին: Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքիով ավարտվեց իր պարտիան: Այժմ Հայաստանի ներկայացուցիչը իր ակտիվում 7.5 միավոր ունի: Նույնքան միավոր են վաստակել եւս 3 շախմատիստներ: Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանը 3-րդ հորիզոնականում է: Վերջին տուրում Սամվելի մրցակիցը կլինի մրցաշարային աղյուսակը գլխավորող Իվան Սարիչը: Այս պարտիայում առավելության հասնելու դեպքում Սամվել Տեր-Սահակյանը առնվազն արծաթե մեդալի կարժանանա:

Մեդալների համար կարող էր պայքարել նաեւ 10 տարեկանների պայքարում հանդես եկող Մանուել Պետրոսյանը, սակայն 10-րդ տուրում Մանուելը պարտություն կրեց եւ 6.5 միավորով ընթանում է 13-րդ հորիզոնականում: Վերջին տուրում հաղթանակ տոնելու դեպքում Պետրոսյանը կարող է հայտնվել լավագույն տասնյակում, սակայն մրցանակային տեղ գրավելու հնարավորություն այլեւս չունի:

Աղջիկների պայքարում մրցանային տեղ գրավելու հնարավորություն պահպանել էր նաեւ 16 տարեկանների պայքարում ընթացող Զոզան Շաքրյանը, սակայն 10-րդ տուրում վաստակելով կես միավոր` նա 6 միավորով ընթանում է 12-րդ տեղում եւ այլեւս չի կարող ընդգրկվել լավագույն եռյակում:

Հայաստանի մյուս 12 մասնակիցները ավելի համեստ արդյունքներ են ցույց տվել եւ վերջին տուրում հաջող հանդես գալով` պարզապես կարող են բարելավել իրենց անհատական վարկանիշը: