ՀՖՖ-Ն ՆՈՐ ԼՈԳՈ ԿՈՒՆԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կունենա նոր տարբերանշան: ՀՖՖ մամուլի քարտուղարությունում «Ա1+»-ին հայտնեցին, որ նոր տարբերանշանի շնորհանդեսը կկայանա վաղը ֆեդերացիայի շտաբ-բնակարանում, որից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանելու է լրագրողների հարցերին:
Վերջին ամիսներին սա կլինի ֆուտբոլի ֆեդերացիայի 3-րդ լոգոն: Մինչեւ այս տարվա օգոստոսը ՀՖՖ-ն եւ Հայաստանի ազգային հավաքականները հանրությանը ներկայանում էին Արարատ լեռան համարդությամբ լոգոյով, սակայն օգոստոսին մեր ֆուտբոլի խորհրդանիշը փոխվեց:
Ի հայտ եկավ նոր տարբերանշան, որում օգտագործվել էր Հայաստանի զինանշանը, իսկ կենտրոնում տեղադրվել էր ֆուտբոլային գնդակ`վերեւում FFA գրությամբ: Այս լոգոն էլ մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում եւ սփյուռքում, քանի որ փոփոխությունը տեղի ունեցավ Հայաստան Թուրքիա հանդիպումից օրեր առաջ: Ըստ ԶԼՄ-ների` փոփոխությունը կատարվել է թուրքական կողմի պահանջով, որոնց դուր չի եկել լոգոյի վրա առկա Արարատ լեռը:
Այս վարկածը հետագայում կտրականապես հերքեց Ռուբեն Հայրապետյանը` նշելով, որ խորհրդանիշի փոփոխության մասին ցանկություն կար շուրջ 2 տարի առաջ, երբ դեռ հայտնի չէր, որ Հայաստանը մրցելու է Թուրքիայի հետ:
Բացի այդ ՀՖՖ-ն, լինելով հասարակական կազմակերպություն, իրավունք չուներ Հայաստանի զինանշանը կամ դրա էլեմենտները օգտագործել իր տարբերանշանում, ուստի Ռուբեն Հայրապետյանը ներողություն խնդրելով հանրությունից` խոստացավ, որ շուտով ֆեդերացիան նոր խորհրդանիշ կունենա:
Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականների մարզաշապիկների վրա նոր լոգո չի լինի, քանի որ, ըստ Հայաստանի օրենսդրության, հավաքական թիմերը միջազգային ասպարեզում կարող են հանդես գալ Հայաստանի զինանշանով: