ԽԱՂԵՐԸ ՄԵԿ ԺԱՄ ՇՈՒՏ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի 2008թ. առաջնությունում վաղը` հոկտեմբերի 30-ին, կկայանան 25-րդ տուրի հանդիպումները: Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 4 տուր եւ արդեն յուրաքանչյուր հանդիպում վճռորոշ կարող է լինել մրցանակային տեղերի համար պայքարում: Այս տուրում հանդիպումները կսկսվեն մեկ ժամ շուտ` 14: 00-ին:
«Փյունիկ» - «Միկա»` 14:00
Երեւան, «Փյունիկ» մարզադաշտ
Տուրի կենտրոնական խաղում առաջատար «Փյունիկը» կմրցի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Միկայի» հետ, որը այս տարի եւս հավակնում է 3-րդ հորիզոնականին: «Փյունիկի» կազմում որակազրկված են Էդգար Մալաքյանը եւ Վարդան Պետրոսյանը, իսկ ահա մյուս խաղացողները պատրաստ են մրցավեճին: «Միկան» կորուստներ չունի: Այս թիմերի միջեւ ընթացիկ մրցաշրջանում կայացած հանդպումները անցել են բավական լարված եւ հավասար պայքարում: 3 հանդիպումներից 2-ում խաղաղ ելք է գրանցվել, իսկ մեկում «Փյունիկը» հաղթել է նվազագույն 1:0 հաշվով: Ոչ-ոքի արդյունքը այս խաղում ձեռնտու չէ կողմերին: «Միկան» միավորներ կորցնելու դեպքում հնարավորություն կտա «Գանձասարին» դուրս գալ 3-րդ տեղ, իսկ «Փյունիկի» անհաջողության դեպքում «Արարատը» ընդհուպ կմոտենա առաջատարին:
«Արարատ» - «Շիրակ»` 14:00
Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
Ընթացիկ առաջնությունում «Արարատը» «Շիրակի» հետ հանդիպումներում խնդիրներ չի ունենում: Թեկուզ եւ դժվարությամբ Վարուժան Սուքիասյանի սաները հաղթել են բոլոր 3 հանդիպումներում գնդակների` 6:2 տարբերությամբ: Այս խաղում եւս «Արարատը» միավորներ կորցնելու իրավունք չունի, քանի որ չեմպիոնության համար պայքարում ներկայումս 3 միավորով զիջում է առաջին տեղում ընթացող «Շիրակին»: Վերջինիս կազմում որակազրկված են Հրաչյա Մնացականյանը եւ Գառնիկ Սարգսյանը:
«Ուլիս» - «Բանանց»` 14:00
Ոսկեհատ, «Վարդանանք-451» մարզադաշտ
Այս հանդիպման ելքը մրցաշարային աղյուսակի վրա ազդեցություն ունենալ չի կարող, սակայն թիմերը մոտիվացիան չեն կորցրել եւ առաջնության վերջին տուրերում փորձում են ավելացնել միավորների շարքը: «Բանանցը» վերջին տուրում «Արարատի» հետ խաղում հաջող հանդես եկավ եւ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ զգալիորեն բարելավել է իր խաղը: «Գանձասար» - «Կիլիկիա»` 14:00
Կապան, «Գանձասար» մարզադաշտ
3-րդ տեղի համար պայքարող կապանցիները այս խաղում բացահայտ ֆավորիտ են, թեեւ «Կիլիկիան» վերջին տուրում կարողացավ միավոր վաստակել կարգով ավելի բարձր «Ուլիսի» հետ մրցավեճում: Ամեն դեպքում Կապանում «Գանձասարը» անհամեմատ հաջող է հանդես գալիս եւ կոնկրետ «Կիլիկիայի» հետ հանդիպումներում միավոր չի կորցրել: