Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ

Սպորտ

Հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը Վիետնամում ընթացող շախմատի աշխարհի առաջնության 9-րդ տուրում պարտության մատնեց առաջատար Սոն Նյուգենին (Վիետնամ) եւ 7 միավորով հավասարվեց նրան: 18 տարեկանների պայքարում հանդես եկող Սամվելը լրացուցիչ ցուցանիշներով այժմ 2-րդն է, սակայն այս հաղթանակից հետո Սամվելը չեմպիոնության համար պայքարելու ռեալ հնարավորություն ստացավ:

15-ամյա շախմատիստը, որը 2008թ. Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր է, իր վարկանիշով 5-րդն է մրցաշարում, սակայն բավական հաջող է հանդես գալիս եւ բոլոր հնարավորությունները ունի առնվազն լավագույն եռյակում հայտնվելու համար:

Մեդալ նվաճելու հնարավորություններ պահպանում է նաեւ 10-ամյա Մանուել Պետրոսյանը, որը 6.5 միավորով ընթանում է 8-րդ տեղում:

14 տարեկանների պայքարում Կարեն Գրիգորյանը 5.5 միավորով ընթանում է 22-րդ տեղում: Տղաների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչները ավելի համեստ արդյունքներ են ցույց տվել եւ գործնականում զրկվել մեդալի հնարավորությունից:

Աղջիկների պայքարում 5.5-ական միավոր են վաստակել Զոզան Շաքրյանը (16տ) եւ Սուսաննա Գաբոյանը (12), մնացած մասնակիցները այլեւս մեդալների չեն հավակնում: