Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՄԻԿԱՆ» ՏՈՒԺԵՑ ՄՐՑԱԿԱՐԳԻՑ

Սպորտ

«Աղջիկների ելույթը բավարար է, բայց ոչ լավ, քանի որ ավելի բարձր տեղերի համար էինք պայքարում, իսկ տղաների պայքարում խնդիր էինք դրել պայքարել առաջին տեղի համար եւ գրաված 12-րդ հորիզոնականը չէր կարող գոհացնել», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Միկա» շախմատային ակումբի տնօրեն եւ ավագ Աշոտ Վարդապետյանը` մեկնաբանելով Եվրոպայի 2008թ. ակումբային առաջնությունում ունեցած ելույթները:

Տղամարդկանց պայքարում «Միկան» վարկանիշով 2-րդն էր, սակայն գրավեց ընդամենը 12-րդ հորիզոնականը, իսկ կանանց պայքարում հայկական թիմը հանգրվանեց 5-րդ տեղում: Աշոտ Վարդապետյանը տղամարդկանց թիմից առանձնացրեց Լեւոն Արոնյանին. «Ճիշտ է Լեւոնը վերջին տուրում պարտվեց, բայց ընդհանուր առմամբ լավ խաղաց: Մասնավորապես «Սարանսի» հետ հանդիպման ժամանակ նրա պարտիան ուկրաինցի Վոլոկիտինի հետ, որում Արոնյանը հաղթեց, իմ կարծիքով, կարող է հավակնել 2008թ. լավագույն պարտիայի մրցանակին: Թիմի մնացած անդամները խաղացին փոփոխական հաջողությամբ, բացառությամբ Արման Փաշիկյանի, որը 6-րդ խաղատախտակի վրա փայլուն խաղաց` 6 պարտիայից 5-ում տոնելով հաղթանակ»:

«Միկայի» տնօրենի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը տուժել է նաեւ մրցակարգից, որը չի արդարացնում իրեն. «Դրեզդենում շուտով քննարկվելու է այս մրցակարգի հարցը: Ներկայումս վիճակահանությունը այնպես է կատարվում, որ թիմերը հայտնվում են անհավասար պայմաններում: Բացի այդ Եվրոպայի առաջնությունը անցկացվում է 7 տուրով, 64 մասնակիցների առկայությամբ եւ դա չի բավարարում, որպեսզի որոշվի ռեալ ուժեագույն թիմը: Գործող մրցակարգի դեպքում ցանկացած պարտություն կարող է ճակատագրական լինել, ինչպես որ եղավ մեր դեպքում: 5-րդ տուրում մենք ցավալի պարտություն կրեցինք «Բադեն-Բադենից» եւ նահանջեցինք, մինչդեռ մինչ այդ 4 հաղթանակ էինք տոնել, այդ թվում հաղթելով ապագա չեմպիոն «Ուրալին», որը իր միակ պարտությունը կրեց մեզանից»:

Ըստ Աշոտ Վարդապետյանի` Եվրոպայի ակումբային առաջնությունը հավաքագրել էր գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստներին. «Կարելի է ասել բացակայում էին միայն այն շախմատիստները, որոնք ներկայումս առնչություն ունեն Կրամնիկ - Անանդ չեմպիոնական մրցամարտին: Թիմերը շատ լուրջ էին մոտեցել առաջանությանը` իրենց կազմերում ընդգրկելով լավագույն գրոսմայստերներին»:

Մրցաշարը ցույց է տվել նաեւ, որ Հայաստանի մի շարք տաղանդավոր շախմատիստներ ունի արտասահմանյան թիմերում. «Բոսնիայի «Բոսնիա» թիմը գլխավորում էր Սերգեյ Մովսիսյանը, որը իր խաղատախտակի վրա ցույց տվեց 2-րդ արդյունքը, եւ զիջեց միայն Տիգրան Ղարամյանին, որը ներկայումս բնակվում է Ֆրանսիայում եւ հանդես էր գալիս բելգիական ակումբում: Շատերի համար անսպասելիորեն Ղարամյանը գրավեց առաջին տեղը: Շատ լավ հանդես եկավ Վլադիմիր Հակոբյանը, որը ելույթ էր ունենում իսպանական «Լինեքս» թիմում եւ 4-րդ խաղատախտակի վրա գրավեց 1-ին տեղը: Հունական «Սալոնիկ» թիմից էր հանդես գալիս Դավիթ Զաքարյանը, որը նաեւ «Միկայի» հետ հանդիպման ժամանակ հաղթեց Տիգրան Պետրոսյանին: Կային մի շարք նաեւ այլ հայ շախմատիստներ»: