Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՈՍԿՈՒ ԱՐԺԵՔ ՈՒՆԵՆ ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը հոկտեմբերի 30-ին կկայանա «Փյունիկ» մարզադաշտում, որտեղ կմրցեն չեմպիոնության համար պայքարող «Փյունիկը» եւ 3-րդ տեղում ընթացող «Միկան»:

«Առաջնության ավարտին մնացել է ընդամենը 4 խաղ, որոնցից յուրաքանչյուրը ոսկու արժեք ունեն մեզ համար», - «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը:

22-ամյա դարպասապահը հույս ունի, որ առաջիկա հանդիպումներում «Փյունիկը» միավորներ չի կորցնի. «Ձգտելու ենք հաղթել մնացած բոլոր 4 հանդիպումներում եւ պահպանել չեմպիոնական տիտղոսը»:

Ամեն դեպքում Մելիքսեթյանը գտնում է, որ «Միկան» բարդ մրցակից է. «Մեր առաջիկա մրցակիցը` «Միկան», մեզ համար անհարմար մրցակից է: Ընթացիկ մրցաշրջանում 3 անգամ են հանդիպել նրանց հետ: Առաջին 2 հանդիպումները ավարտվեցին միեւնույն 1:1 հաշվով, իսկ 3-րդ շրջանում վերջապես հաղթեցինք նվազագույն 1:0 հաշվով: Կարծում եմ` «Միկան» տրամադրված կլինի ռեւանշի հասնել այս խաղում: Բացի այդ թիմը պայքարում է բրոնզե մեդալների համար: Բայց ինչպես արդեն նշեցի` հաղթանակը մեզ շատ է անհրաժեշտ եւ պայքարելու ենք 3 միավորի համար»:

Ի դեպ, Գրիգոր Մելիքսեթյանը ընթացիկ առաջնությունում ամենաքիչ գնդակ ընդունած դարպասապահն է. «Ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում այդ հանգամանքի վրա: Ուղղակի կարող եմ ասել, որ մեր պաշտպանությանը Սարգիս Հովսեփյանի եւ Կարեն Դոխոյանի գլխավորությամբ առաջնությունում ամենաուժեղն է, իսկ ես փորձում եմ հնարավորինս փրկել թիմին: Ինձ ներկայումս վիճակագրական տվյալները այդքան չեն հուզում, որքան մեր թիմի հաղթանակը»: