«‎ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԱՊՐԵԼ»
Աջակցիր «Ա1+»-ին«Ոսկե ծիրան» երեւանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ իտալացի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիին: Փառատոնի բացման արարողությանը Եվրոպական կինոկադեմիայի նախագահ, փառատոնի պատվավոր հյուր Վիմ Վենդերսը հետմահու նրա տիկնոջը Պատվո մրցանակ կհանձնի: Նա մահացել է 95 տարեկան հասակում նախորդ տարի հուլիսի 30-ին` Հռոմում:
Երեւանում են կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի այրին` Էնրիկա Անտոնիոնիին, Անտոնիոնիի ֆոնդի տնօրեն, պրոդյուսեր Կլաուդիո Գաբրիելեին, լուսանկարիչ, Անտոնիոնիի լուսանկարների հեղինակ Պիերո Մարսիլիին:
Հուլիսի 15-ին, ժ. 21.00-ին, « Մոսկվա » կինոթատրոնում կցուցադրվի «Ամպերից այն կողմ» ֆիլմը, որը Անտոնիոնին նկարահանել է Եվրոպական Կինոակադեմիայի նախագահ, գերմանացի ճանաչված ռեժիսոր Վիմ Վենդերսի հետ:
Իսկ մինչ այդ հուլիսի 13-ին, ժ. 15.00-ին Ազգային պատկերասրահում կբացվի Անտոնիոնիի գեղանկարների ցուցահանդեսը, ինչպես նաեւ մեծ վարպետի լուսանկարների ցուցադրությունը, որոնց հեղինակն է լուսանկարիչ Պիերո Մարսիլին: Ցուցադրությունը կգործի մինչեւ փառատոնի ավարտը:
Փառատոնի օրերին «Մոսկվա» եւ «Նաիրի» կինոթատրոններում կցուցադրվեն Միքելանջելո Անտոնիոնիի ֆիլմերը, ինչպես օրինակ` «Մասնագիտությունը` լրահավաք», «Կարմիր անապատը», «Ֆիլմ նկարելն ինձ համար նշանակում է ապրել»: