Փակ շուկաները պարաստ են ընդունել փողոցային առևտրով զբաղվող առևտրականներին (տեսանյութ)
Երեկ մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց բողոքելով քաղաքապետարանի՝ փողոցային առևտուրն արգելող որոշման դեմ։ Ցուցարարները պնդում էին, որ քաղաքապետարանի հավաստմամբ փակ տարածքները առևտրականներին տրամադրվում են օրական 200 դրամով, որը սակայն չի համապատասխանում իրականությանը։ «Ա1+»-ը շրջայց կատարեց «Գումի» շուկայում, պարզելու, թե ինչ պայմաններ են առաջարկվում փողոցային առևտուր իրականացնողերին և արդյո՞ք շուկան ունի բավարար տարածք նոր աշխատողներին իր հարկի տակ ընդունելու համար։ Շուկայի փոխտնօրենի հավաստմամբ շուկայում օրական տեղի վճարը կազմում է միջինը 500-2000 դրամ՝ կախված տարածքի չափից, իսկ փողոցային առևտրով զբաղվողների համար առաջին մեկ ամիսը տեղերը հատկացվում են անվճար։ Այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ առևտրականները չեն համաձայնվում տեղափոխվել փակ տարածքներ, փոխտնօրենը նշեց, որ առևտրականները սովորել են փողոցային առևտրին և մտավախություն ունեն, որ եթե տեղափոխվեն այստեղ կկորցնեն իրոնց հաճախորդներին։ «Մենք տրամադրում ենք բոլոր անհրաժեշտ պայմանները։ Մեզ մոտ սննդի պետական ծառայությունից հաճախակի ստուգումներ են իրականացվում, վերահսկվում է ոչ միայն սննդի մաքրության և անվտանգության հարցը, այլև մեզ մոտ առանձին կշեռքներ են դրված և հաճախորդները կարող են իրենց գնած ապրանքը ստուգել։ Շուկան ունի բավական տարածք նոր աշխատողներ ընդունելու համար»։ Տեղի աշխատողները նշեցին, որ շատերը երկար ժամանակ չեն կարողանում աշխատել, քանի որ ներսում ցուրտ է և բողոքելու դեպքում նրանց առաջարկվոմ է տարածքը լքել։ Նրանք նշեցին, որ նախորդ տարիների համեմատությամբ առևտուրը նվազել է, քանի որ մարդիկ այժմ նախընտրում են խանութներից առևտուր կատարել։