Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարդապետյանը՝ Վեդիում անչափահաս քույրերի ենթադրյալ սեռական բռնության գործի մասին (տեսանյութ)

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով նախաձեռնված վարույթը գտնվում է Գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո։

 Ազգային ժողովում այս մասին հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ազգային ժողովում պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել է, որ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես հանրայնացումից հետո։

«Վեդիի դեպքի մասին տեղեկացել եմ անմիջապես, երբ հանրայնացվել է»,-ասել է Վարդապետյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքեր  նախկինում ևս արձանագրվել են տարբեր մարզերում։

Նրա խոսքով՝ համանման իրավիճակներ արձանագրվել են ոչ միայն Արարատի և Գեղարքունիքի մարզերում, այլև Երևանում և Շիրակի մարզում, որտեղ երեխաները ներգրավված են եղել պոռնոգրաֆիկ բնույթի տեսանյութերի պատրաստման մեջ։

Գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը դեռ տարիներ առաջ նման դեպքերից հետո միջնորդագրեր է ուղարկել իրավասու մարմիններին՝ առաջարկելով դատախազությանը ներգրավել կանխարգելիչ հանձնաժողովների աշխատանքներում։

«Ինչքան էլ մենք հետո քննենք, խիստ խափանման միջոցներ ընտրենք, այն տրավման, որը պատճառվել է, հնարավոր չէ ամբողջությամբ բուժել կամ հետևանքները վերացնել»,-ընդգծել է Վարդապետյանը։

Վարդապետյանի խոսքով՝ նման հանցագործությունների դեպքում հաճախ թիրախավորվում են խոցելի խմբերը, այդ թվում՝ հատուկ կարիքներ ունեցող անչափահասները։