Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը պետք է լինի ստեղծագործ՝ հայ-իրանական հարաբերություններում. իրանագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
serg1

«Փետրվարի 27-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրան: Եվ այս համատեքստում բնականաբար այդ իրադարձությունը պետք է քննարկվի, կարևորվի: Հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո արտաքին հարաբերությունների ոլորտում նկատվել է  որոշակի դադար, և դա վերաբերում է նաև Հայաստան-Իրան հարաբերություններին»,- նշում է ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը: Իրանագետի պնդմամբ՝  այդ դադարը պետք է հնարավորինս արագ հեռացվի  հայ-իրանական հարաբերությունների օրակարգի բազմազան լինելու պատճառով:

Ոսկանյանի կարծիքով՝ այս շրջանում առաջ են եկել մի շարք հիմնախնդիրներ ու ծրագրեր Հայաստան-Իրան հարաբերություններում, որոնցից առաջնայինը Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցքի ծրագիրն է: Հայաստանն այդ միջացքի մաս դարձնելը կարևոր հանգամանք է, որը բարձրացվել է Փաշինյանի և Իրանի առաջնորդ Հասան Ռոհանիի հանդիպմանը ՄԱԿ-ի համաժողովի շրջանակներում:

«Երբ իրանական կողմը նախագահի շուրթերով այդ ուղերձը հղեց Հայաստանին՝ տեսնելով մեր պետությունը որպես Պարսից ծոց Սև ծովին կապող միջանցքի կարևորագույն բաղադրիչ, կարևորագույն օղակ, կարևորագույն բաղկացուցիչ»,- շեշտում է պարոն Ոսկանյանը: Վերջինս կարևորեց Հայաստանի ուշադրության կենտրոնացումը, իր իսկ խոսքով, կարևոր ու բազմազան օրակարգի վրա՝ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները և իրողությունները: Վերադառնալով միջանցքի թեմային՝ իրանագետը մանրամասնեց, որ շատ բան պետք չէ անել, ուղղակի պետք է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին կառուցել:  Իրանագետը նշում է, որ հայ-իրանական հարաբերություններում Հայաստանը պետք է լինի ստեղծագործ: Պետք է ստեղծի նոր ձևաչափեր, որտեղ Հայաստանը կունենա կապող օղակի դերակատարություն: «Հատկապես «Հայաստան-Իրան-Վրաստան» ձևաչափի գազի համագործակցության ոլորտի մասին է խոսքը:

Նաև էլեկտրաէներգիայի ոլորտի տարանցումների մասին է խոսքը»,- առանձնացնում է Ոսկանյանը: «Թուրքմենստան-Իրան-Հայաստան» գազային գծի ձևաչափն էլ, ըստ նրա, կարելի է դիտարկել: Թուրքմենստանն ունի գազի հսկայական պաշարներ, բայց արտահանելու հնարավորություններ չունի կամ սահմանափակ են, հատկապես դեպի Արևմուտք արտահանելու տեսանկյունից: Կարելի է դիտարկել նաև քառակողմ ձևաչափը՝ ՌԴ-ի ներգրավմամբ: «Հայաստանը կարող է նաև կարևորագույն դերակատարություն ստանձնել ԵՄ-Իրան հարաբերություններում»,- նշում նա և զարմանք հայտնում, թե ինչու հայկական կողմը որոշակի քայլեր չի ձեռնարկում ԵՄ երկրիների հետ աշխատելու ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեխանզիմների ուղղությամբ: