Ուսումնաօժանդակ խաղ` դպրոցների համար
«Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամ»-ը այսօր ներկայացրեց իր հեղինակած խաղ-վարժությունը, որը նախատեսված է դպրոցների համար և կարժենա 18 500դրամ։ Խաղում ներառված է 70 խաղ-վարժություն և խաղի համար նախատեսված պարագաներ։ Խաղը բաժանվում է 3 գույների, յուրաքանչյուր գույնը ունի իր նպատակը, այն միտված է երիտասարդների և երեխաների մոտ զարգացնելու թիմային մտածելակերպ, ժամանակի կառավարման և կոնֆլիկտների հաղթահարման ունակություն։ «Բազմաթիվ ուսուցիչներ և դասընթացավարներ կարիք ունեն անընդհատ իրենց խաղերի բազան թարմացնելու։ Համացանցում նման խաղերը անգլերեն են և ոչ բոլորին հասանելի։ Կրթության և գիտության նախարարության կողմից խաղը հաստատվել է որպես ուսումնաօժանդակ նյութ։ Եվ ցանկալի կլինի, որպեսզի դպրոցները ձեռք բերեն այս խաղը և կիրառեն դասընթացի ժամանակ։ Այս նպատակով մենք խաղը առաջարկելու ենք կրթության նախարարությանը և Երևան քաղաքի հանրակրթության վարչությանը, որպեսզի իրենք կարողանան դպրոցների համար նախատեսեն այս խաղը»,- շնորհանդեսի ժամանակ նշեց հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչիկ Աբաջյանը։ «Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամ»-ը գործում է 2015 թվականից, այն շուրջ 275 կրթական և երիտասարդական ծրագրեր և դասընթացներ է իրականացրել ավելի քան 6075 երեխաների և երիտասարդների շրջանակում՝ ներառելով Հայաստանի բոլոր շրջանների երեխաներին։