Քաղաքապետարանը լինելո՞ւ է 2-րդ օպերատոր, թե՞ Սանիթեքի ինվեսթորը. Անի Խաչատրյան (տեսանյութ)
Հունվարի 21-ին քաղաքապետարանը հայտարարել էր, որ առաջիկայում համայնքը ունենալու է աղբահանության համար նախատեսված իր տեխնիկան: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը կարծում է, որ համայնքի՝ 2-րդ օպերատոր լինելը այդքան էլ լավ տարբերակ չէ աղբահանության հարցը կարգավորելու համար։ «2-րդ օպերատոր ասվածը բառախաղ է։ Քաղաքապետարանը լինելո՞ւ է 2-րդ օպերատոր, թե՞ Սանիթեք ընկերության ինվեսթորը։ Այն գումարը, որը մենք հիմա տալիս ենք մեքենաներին, մեքենաները գնում ենք և տալիս ենք վարձակալության Սանիթեք ընկերությանը, այդ մեքենաները շատ շուտ շարքից դուրս են գալու։ Դա ժամանակավոր խնդրի լուծում է։ Սանիթեք ընկերության տեխնիկան բարձր որակի է, իսկ այն մեքենաները, որը մենք գնում ենք, չեմ ասում թե վատն է, բայց շատ տարբեր մակարդակների վրա են»։ Խմբակցությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի Սանիթեքի հետ կնքած երկու պայմանագրերից մեկը լուծարվի, որպեսզի քաղաքապետարանը լիարժեք դառնա 2-րդ օպերատորը։ «Պետք է լինի մրցակցություն, քաղաքը բաժանվի մասերի, այս մասը մաքրի մի օպերատորը, մյուսը մասը՝ մյուս օպերատորը։ Եվ արդեն իսկ կերևա՝ խնդիրը Սանիթեք ընկերության տեխնիկա չունենալո՞ւ մեջ է, թե՞ կառավարման»։ Ըստ Անի Խաչատրյանի՝ Երևանի քաղաքապետարանը աղբահանության համար պատրաստվում է 30 մեքենա գնել։ Ի դեպ, Անի Խաչատրյանը երեկ գրավոր դիմել է Հայկ Մարությանին, հասկանալու համար, թե արդյո՞ք քաղաքապետարանը պատրաստվում է Սանիթեք ընկերության հետ ունեցած 2 պայմանագրերից մեկը լուծարել և արդյո՞ք համայնքը պաշտոնապես դառնալու է 2-րդ օպերատոր։ Մանրամասն՝ տեսանյութում։