Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանավեճ մշակույթի նախարարության աշխատակիցների և թատրոնի նախկին տնօրենի միջև (տեսանյութ)

Հասարակություն
pararvest-1

Երևանում գործող Խորեոգրաֆիայի պետական թատրոնի գոյության մասին մինչ օրս չգիտեին անգամ մշակութային ոլորտը լուսաբանող լրագրողները և միայն վերջին օրերին այս թատրոնի շուրջ ծավալված կրքերը առիթ դարձան տեղեկանալու, որ կա նման թատրոն: «Թատրոնը բացվել է վաստակավոր պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի համար, որը, շուրջ տաս տարվա մեջ ընդամենը կարողացել է մի քանի ներկայացում բեմադրել, չի հաջողվել պայմաններ ապահովել թատերախմբի գործունեության համար և հեռացել է թատրոնից 2006 թվականին, սակայն, մինչև 2018 թվականի հունվար` համարվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, և չնայած չի աշխատել, բայց նախկին երկու նախարարների հրահանգով աշխատավարձ է ստացել թատրոնից: Ես էլ, հարգելով Մաքսիմ Մարտիրոսյանի վաստակը, փորձել եմ հասկանալ այդ երևույթը»,-ասում է թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը, ով թատրոնը ղեկավարոււմ է 2010 թվականից: Այն պահին, երբ «Ա1+»-ի նկարահանող խումբը գտնվում էր թատրոնի գրասենյակում և զրուցում թատերախմբի աշխատակիցների հետ, ներս մտան մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը, նախարարության ֆինանսական բաժնի աշխատակիցները և նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Փալանջյանը:   Գայանե Կարապետյանը, վստահեցնում էր, որ մինչ օրս չի ստացել աշխատանքից ազատվելու հրամանը, որ նախարարությունը պարտավոր էր պատշաճ կերպով ծանուցել և տեղեկացնել, որ թատրոնի նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել:  Մինչդեռ մշակույթի նախարարության  աշխատակիցները և մասնավորապես փոխնախարար Վահե Բուդումյանը պնդում էին, որ դեկտեմբերի 28-ին լրացել է  Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը, և նա այդ օրն իսկ ծանուցվել է պաշտոնապես ներքին համակարգչային համակարգով, որն արդեն իսկ իրավական ուժ ունի:  Լիլիթ Փալանջյանի խոսքով, Մշակույթի նախարարությունը նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմամբ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք կարող է այս թատրոնը գործել՝ ոչ որպես մյուզիքլի և մանկական ներկայացումների թատրոն, ինչպես գործել է այն՝ վերջին տարիներին, այլ, որպես պարարվեստի թատրոն: Հենց այս նպատակով է թատրոնը բացվել 1997 թվականին Պարարվեստի ուսումնարանի տարածքում և ուսումնարանի բազայի վրա և պետք է գործեր, որպես միջանկյալ հարթակ՝ Պարարվեստի ուսումնարանի և Օպերայի և բալետի թատրոնի միջև, որպեսզի ուսանողները մինչև մեծ բեմ դուրս գալը որոշակի փորձ կարողանան ձեռք բերել և որը, փաստորեն՝ ձևական բնույթ է կրել: Թատրոնի դերասաններն էլ մտահոգված էին իրենց կարգավիճակով և որ կարող են գործազուրկ դառնալ: